Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցության առավել սերտացման, փոխգործակցության նոր հնարավորությունների կիրառման վերաբերյալ հարցեր:

Նախարարը շնորհավորել է դեսպան Լաքոտին մեր երկրում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Ֆրանսիան պատմականորեն եղել և մնում է մեր երկրի բարեկամը: Մենք հաջողությամբ համագործակցում ենք ոչ միայն մարզական և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում: Վստահ եմ, որ հետայսու նույնպես այդ համագործակցությունը նպաստելու է երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը», – ասել է նախարարը: Նա նաև նշել է, որ համագործակցության լավագույն օրինակ է հաջորդ տարի Երևանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, որի կազմակերպչական աշխատանքների կատարման համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի ղեկավարությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Լաքոտը իր պատրաստակամությունն է հայտնել գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: «Այդ գագաթաժողովը լավ դիվանագիտական հարթակ կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար: Տեղյակ եմ, որ ձեր երկիրը հաջողությամբ և ակտիվորեն մասնակցում է ֆրանկոֆոնյան բազմաթիվ միջոցառումների: Իսկ այս անգամ դա լինելու է տանտիրոջ կարգավիճակով»,– ասել է դեսպանը:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հետաքրքրվելով և տեղեկանալով, որ դեսպան Լաքոտը զբաղվում է մարզական քայլքով, հրավիրել է նրան համատեղ մասնակցելու Երևանում կազմակերպվող կիսամարաթոնին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում