Հաշմանդամներին կտրվի 1100 լսողական սարք և շուրջ 600 հաշմանդամի սայլակ

Հաշմանդամներին կտրվի 1100 լսողական սարք և շուրջ 600 հաշմանդամի սայլակ

Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող լսողական ապարատներն ու հաշմանդամի սայլակներն այսուհետև կտրամադրեն հավաստագիր ստացած կազմակերպությունները։

Մինչև 2017 թվականի վերջը նախատեսվում է տրամադրել 1100 լսողական սարք և շուրջ 600 հաշմանդամի սայլակ։

Մոտ 15 օրում հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր դիմել են, տրամադրվել է 103 սայլակ և 17 լսողական սարք։

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվեց հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրելու գործընթացը։

Հաշմանդամների սայլակների և լսողական ապարատների տրամադրման նոր կարգ է սահմանվել, և դրա արդյունավետության վերաբերյալ խոսելիս՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այն ընթացքը, որը ներկայումս կա՝ հուշում է բավականին դրական զարգացումների մասին։ Նրա խոսքով՝ մինչ փոփոխությունները գնումների գործընթաց կազմակերպելով հնարավոր չէր տարվա ընթացքում բոլոր այդպիսի կարիք ունեցողներին բավարարել իրենց համար անհրաժեշտ և համապատասխան տեսակներով։

«Պատճառները շատ պարզ էին՝ սահմանափակ էր թվաքանակը և որևէ տեսակի սպառվելու դեպքում քաղաքացին պետք է ստանար այլ պայմաններին համապատասխանող սարք կամ սայլակ, կամ պետք է սպասեր։ Այս պարագայում, երբ մենք տրամադրում ենք հավաստագրեր, շուկայում ձևավորվել է բավականին մրցակցային միջավայր՝ 4-5 կազմակերպություն դիմել են նախարարություն և հավաստագրվել են ու մատուցում են ծառայություններ։ Սա նշանակում է, որ քաղաքացին իրեն հատկացված հավաստագրով կարող է այցելել ցանկացած այդպիսի կազմակերպություն, ձեռք բերել իրեն համապատասխան պարագաներ»,- ընդգծեց նախարարը և հավելեց, որ հաշմանդամություն ունեցող անձը, եթե ավելի ցածր գնով կարողանա ձեռք բերել սայլակ, ապա կան բազմաթիվ օժանդակ պարագաներ, որոնցից նույնպես հնարավորություն ունի օգտվելու։

Նիստի ընթացքում «DEAFSKILLS» միջազգային ասոցիացիայի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
Արտեմ Ասատրյանը նշեց, որ այդ կազմակերպությունը բազմաթիվ երկրների հետ իրականացնում է լսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու ծրագրեր, և նրանք են դիմել համագործակցության համար։
«Մենք, քննարկելով համագործակցության հնարավոր արդյունքները, մեր երկրում լսողության խնդիր ունեցող անձանց առավել լավ ծառայություններ մատուցելու, նրանց հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից գնահատել ենք, որ համագործակցությունը պետք է կայացնել։ Սա լրացուցիչ հարթակ ու հնարավորություն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվեն պայմաններ և հասարակության լիարժեք կյանքին ներգրավելու։ Առաջին հերթին ուշադրություն կդարձվի զբաղվածությանը»»,- ասաց Ասատրյանը։

Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Արմենուհի Նիկողոսյանը լսողական սարքերի և սայլակների տրամադրման նոր կարգի վերաբերյալ ասաց, որ թերահավատորեն է մոտենում այդ հարցին։
«Ես անձամբ շփում ունեմ սայլակների տրամադրման խնդիրների հետ, և մեզ շատ են մոտենում հաշմանդամություն ունեցող անձինք, ում կարիքներին չի համապատասխանում գնային հավաստագրի չափը։ Գումարային ցենզը խանգարում է մեզ ընտրել սայլակներ։ Նույնը կարող եմ ասել նաև լսողական սարքերի վերաբերյալ»,- ընդգծեց Արմենուհի Նիկողոսյանը։

Նա ընդգծեց, որ իրենք կանգնել են մի խնդրի առաջ, քանի որ հավաստագրերով չեն կարող քայլակներ և հենակներ ձեռք բերել։

Լսողական սարքերը թարմացվում են 2 տարին մեկ, իսկ սայլակները՝ 3։
Հավաստագրերի համաձայն լսողական ապարատների համար նախատեսված է 30.000 դրամ, իսկ սայլակների՝ 95.000 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում