Դավիթ Լոքյանը կարևորում է բոլոր համայնքներում սոցիալական ծառայողների ներգրավվածությունը

Դավիթ Լոքյանը կարևորում է բոլոր համայնքներում սոցիալական ծառայողների ներգրավվածությունը

Սոցիալական ծառայությունների հիմնական մասը ապակենտրոնացման արդյունքում պետք է փոխանցվի Հայաստանի բոլոր խոշորացված համայնքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Սա նախարարության ռազմավարության առանցքային խնդիրներից մեկն է: Սոցիալական ծառայությունների հիմնական մասը պետք է տեղափոխվի համայնքներ, որովհետև համայնքներում լավ տեղյակ են, թե որ ընտանիքը ինչ չափի սոցիալական օժանդակության կարիք ունի: Անցումային գործընթացում ընդգծվել է, թե առաջիկայում ինչպիսի փոփոխություններ պետք է տեղի ունենան համայնքներում, որից մեկը հենց սոցիալական ծառայությունների ներկայություն է համայնքներում»,– ասաց Լոքյանը:

Նախարարությունը խնդիր է դրել իր առջև նաև լուծելու համայնքներում նպաստների փոխանցման, ճանապարհների սպասարկման, անասնաբուժության և սննդի անվտանգության հետ կապված խնդիրները:

Նախարարի խոսքով` «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկը Հայաստանի համայնքների համար ունի շատ կարևոր նշանակություն, քանզի նախարարության առաջնային խնդիրներից մեկն է, որպեսզի սոցիալական խնդիրները լուծվեն բուն համայնքում:

«Այսօր մենք ունենք գործընթացի որոշակի ճանապարհ, որը մեզ թույլ է տալիս ասելու, որ բոլոր խոշորացված համայնքները, որոնք շուրջ 1 տարի է գործում են Հայաստանի Հանրապետությունում, սոցիալական ոլորտում ունեն իրենց համապատասխան մասնագետները: Անհրաժեշտ է ձևակերպել, թե ով է լինելու մեր սոցիալական պաշտոնյան համայնքում, ինչ գործառույթներ պետք է նա իրականացնի, ինչպիսի անձնագիր նա պետք է ունենա, ինչպես նաև ինչպիսի հմտությունների նա պետք է տիրապետի: Այսօր պատրաստվել է այդ փաստաթղթերի փաթեթը, որը ապագայում հնարավորություն կտա նոր խոշորացված բոլոր համայնքներում ունենալ սոցիալական ծառայողներ»,- ընդգծեց Լոքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում