Սահակաշվիլին ձերբակալվել Է Կիեւում

Սահակաշվիլին ձերբակալվել Է Կիեւում

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 5-ին ձերբակալվել Է Կիեւում: Հատուկ նշանակության ուժերը նրան իջեցրել են այն շենքի տանիքից, ուր նա բարձրացել Էր՝ խույս տալով իրավապահ մարմինների աշխատակիցներից, որոնք եկել Էին խուզարկելու նրա բնակարանը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները դեկտեմբերի 5-ի առավոտյան ներխուժել են ընդդիմադիր գործչի բնակարան՝ կոտրելով դուռը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ գործում են դատարանի որոշմանը համապատասխան: Ավելի ուշ ՈւԱԾ-ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, «իրավապահները փաստաբանի ներկայությամբ հանցագործություն կատարելու մեղադրանք են առաջադրել Սահակաշվիլիին»:

Մասնավորապես, նա մեղադրվել Է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի առաջին մասով՝ հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին օժանդակելու եւ նրանց գործունեությունը թաքցնելու համար: Այդ հոդվածով պատիժը Սահակաշվիլիին սպառնում Է երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Պավել Բոգոմազովը, լրագրողներին հայտնել Էր, որ Սահակաշվիլին մեղադրվել Է սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ:

Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Սահակաշվիլիին շենքից դուրս են բերել ձեռնաշղթայով: Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են իրավապահ մարմինների աշխատակիցներին խանգարել նրան տեղափոխելու մեկուսարան Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել Է, որ իր աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Սահակաշվիլիի բնակարանում:

«Գլխավոր դտախազությունը հետաքննչական գործողություններ Է անցկացնում Ուկրաինայի անվտանգության ծառայության աջակցությամբ»,-ասել Է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը: Սակայն նրանց գործողությունների պատճառները չեն նշվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում