Հայաստանը ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի շրջանակում կոչնչացնի շահագործման համար ոչ պիտանի սպառազինությունը

Հայաստանը ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի շրջանակում կոչնչացնի շահագործման համար ոչ պիտանի սպառազինությունը

Հայաստանը ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի շրջանակում և Գերմանիայի աջակցությամբ կոչնչացնի պիտանիությունից դուրս եկած 140 միավոր ռազմական տեխնիկա և 21 զրահապատ մարտական մեքենա: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրով սահմանվում են ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության շրջանակները և սկզբունքները: Համագործակցության հիմնական ոլորտներն են ապրանքների և ծառայությունների մատակարարումը, տեխնիկական աջակցությունը և ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի ծրագրի իրականացումը: «Առաջին ծրագիրը, որն իրականացվելու է այս համաձայնագրով, ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի շրջանակում Գերմանիաի համակարգմամբ՝ պաշտպանության նախարարության հաշվեկշռում եղած ոչ պիտանի սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ականների վերաբերյալ իրազեկման և կրթական ծրագրի իրականացումն է, որի արժեքը կազմում է 1.5 միլիոն եվրո»,- մանրամասնեց Զաքարյանը:

Փոխնախարարը հավելեց, որ ՊՆ հաշվեկշռում գոյություն ունի որոշակի քանակությամբ զինտեխնիկա, որն այս պահին ենթակա չէ հետագա շահագործման, պետք է ոչնչացվի և կրճատվի: Նա նշեց, որ ՊՆ հաշվեկշռից այդ սպառազինությունը կրճատված է և շահագործումից հանված, սակայն կրճատումները չեն համապատասխանում «Եվրոպայի սպառազինության սովորական զինված ուժերի» պայմանագրով նախատեսված գործառույթներին, իսկ այդ գործառույթների իրականացումը կապված էր ֆինանսական խնդիրների հետ: «Դրա համար 2013 թ. եղել է ծրագրի իրականացման գաղափարը, սակայն ձգձգվել է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր չի համաձայնել ֆինանսավորել ծրագիրը: Վերջապես, բանակցությունների արդյունքում Գերմանիան տվել է ծրագիրը ֆինանսավորելու համաձայնություն, և մենք արդեն կարող ենք կյանքի կոչել ծրագիրը»,- ընդգծեց Զաքարյանը:

Ծրագրով նախատեսվում է ոչնչացնել 140 միավոր տեխնիկա, 21 միավոր զրահապատ մարտական մեքենա: Մետաղի ջարդոնը, որն առաջանալու է սպառազինության ոչնչացման հետևանքով, վաճառվելու է, և առաջացած ֆինանսական միջոցները՝ մոտավորապես 100 հազար եվրո, ուղղվելու են ՀՀ-ում ականային վտանգների իրազեկման ծրագրի իրականացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում