ԱԺ-ն քննարկում է ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը

ԱԺ-ն քննարկում է ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը

Հայաստանի խորհրդարանը քննարկում է 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը, որով ՀՀ-ն Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն ձեռք կբերի:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ համաձայնագրով ՌԴ-ն մինչև 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար: «Համաձայնագրի առաջին հավելվածով նշված է սպառազինության ցանկը, որը հրապարակման ենթակա չէ: Մենք պատգամավորներին ներկայացրել ենք ձեռք բերվող զինատեսակների ցանկը, որին նրանք կարող են ծանոթանալ»,- ընդգծեց Զաքարյանը:

Փոխնախարարը հավելեց, որ զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, քանի որ վարկը իրականացվելու է 5 տարում, իսկ այդ ընթացքում կարող է նոր զինտեխնիկա արտադրվել և վարկի շրջանակում նոր զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ համաձայնություն լինել:

Վարկը Հայաստանին տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Արտակ Զաքարյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն է ձեռք բերելու ներքին գներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում