Զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու մասին օրենքը 2019թ. հետո այլևս չի երկարաձգվի

Զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու մասին օրենքը 2019թ. հետո այլևս չի երկարաձգվի

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը երկարաձգվում է վերջին անգամ և գործելու է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Ազգային ժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: «Այս օրենքը, ունենալով բարի նպատակ, շարունակում է մնալ բանակ գնալու ցանկություն չունեցող և բանակից խուսափել ցանկացող մարդկանց մասին օրենք: Մենք կարծում ենք, որ այս օրենքը կարողացել է հանդիսանալ բանակից խուսափել ցանկացողների համար հնարավորություն: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այն դուրս գա իրավական համակարգից: Մենք հեղինակների հետ քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության այդ հարցում, նաև որոշակիորեն բարձրացրել ենք վճարի շեմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զաքարյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ սա վերջին հնարավորությունն է, և բոլոր այն անձինք, ովքեր ժամանակին զինվորական ծառայությունից խուսափել են, և լրացել է նրանց 27 տարին, կարող են համապատասխան վճարումները կատարել և ազատվել քրեական հետապնդումից:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս արձանագրեց, որ օրենքը երկարաձգվում է վերջին անգամ: Նրա խոսքով՝ այս մասին հարկավոր է հնարավորինս իրազեկել մարդկանց, որպեսզի այն անձինք, ովքեր ցանկանում են օգտվել հնարավորությունից և համապատասխան վճարի դիմաց ազատվել քրեական հետապնդումից, տեղավորվեն ժամկետների մեջ: «2019թ. դեկտեմբերի 31-ից հետո արդեն զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառվելու է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, նրանք այլևս լեգալ հիմքեր չեն ունենա գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում