Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը պարզորոշ կերպով ցույց տվեց որոշ խոսակցությունների սին լինելը

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի  ստորագրումը պարզորոշ կերպով ցույց տվեց որոշ խոսակցությունների սին լինելը

Եվրամիություն համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը ցույց տվեց, որ վարում է արտաքին քաղաքականություն՝ ելնելով բացառապես Հայաստանի եւ Արցախի շահերից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Համաձայնագրի ստորագրումը բավականին մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլն: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ բոլորը մտածում էին, որ Հայաստանը վերջնական կողմնորոշում ունի, եւ դա դեպի Ռուսաստան է, որ այն ինքնուրույն քաղաքականություն չի վարում հատկապես արտաքին ու ռազմական առումով, շատ կարեւոր էր, որ այս համաձայնագրի ստորագրումը պարզորոշ կերպով ցույց տվեց այդ կարգի խոսակցությունների սին լինելը: Ուղղակի կարծում եմ, որ ժամանակին ճիշտ գնահատվեց պահը, երբ ԵՄ-ի հետ նախկին համաձայնագրին էինք գնում, Հայաստանին բավականի լուրջ վտանգներ կարող էին սպառնալ: Մենք մեղավոր չէինք, որ եվրոպական երկրները Հայաստանի առջեւ դրեցին «կամ, կամ» պայմանը, որ կամ մեզ հետ եք, կամ Ռուսաստանի: Սակայն հետագայում նրանք կարողացան հասկանալ, որ նման իրավիճակում Հայաստանին պարտադրել «կամ, կամ» ամենեւին տեղին չէ»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը եւ հավելեց, թե այսպես Հայաստանը կարողացավ ցույց տալ, որ կարող է մասնակցել տարբեր ինտեգրացիոն գործընթացներին, որոնք չեն խանգարում մեկը մյուսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում