Անչափ կարեւոր էր օրերս Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը

Անչափ կարեւոր էր օրերս Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը

Հարգելի խորհրդարան, վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, կարծում եմ, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում: Ավելին, այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ:

Հարգելի գործընկերներ, անչափ կարեւոր էր օրերս Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Նախ ամրագրվեց եւս մեկ անգամ, որ Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ գտնում եմ, որ ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: Անչափ կարեւոր էր ՀԱՊԿ ընդունած հայտարարության Արցախի խնդրի կարգավորման հատվածը, ուր հստակ աջակցություն էր հայտնվում Մինսկի խմբի համանախագահության ջանքերին եւ կոչ արվում իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Սա պաշտոնական Երեւանի, մասնավորապես Նախագահ Սարգսյանի դիվանագիտական հաջողությունն է:

Հարգելի բարեկամներ, անվտանգության հարցերը մնում են առանցքային մեզ համար, եւ Արցախում զորավարժությունները ցույց տվեցին, որ դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով, անկոտրում ոգով:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում անվտանգության ամրապնդումն ու առաջընթացն այլընտրանք չեն կարող ունենալ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում