Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը ՀՀ- ում թանկացումների չի հանգեցնի

Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը ՀՀ- ում թանկացումների չի հանգեցնի

Հայաստանի խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունումը թանկացումների չի հանգեցնի, քանի որ մաքսային դրույքաչափերի հետ կապ չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ Մաքսային օրենսգիրքն ընդամենը պարզեցնում է մաքսային ընթացակարգերը հօգուտ տնտեսվարողների։

«Ինչ վերաբերում է մաքսային սահմանի վրա երրորդ երկրներից ներկրվող ապրանքների դրույքաչափերի ավելացմանը, ապա բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ունեն ԵԱՏՄ-ում իրենց սեփական արտադրությունը, այսինքն՝ կա այդ ապրանքատեսակների ԵԱՏՄ համարը, դրանց դրույքաչափերի բարձրացումը չի բերելու այդ ապրանքների թանկացմանը, որովհետև ներքին արտադրողին է պաշտպանելու, և մենք ԵԱՏՄ տարածքում կունենանք սեփական արտադրության ապրանքներ»,- ընդգծեց Հարությունյանը:

Խոսրով Հարությունը հավելեց, որ զրույցները, թե մաքսային սահմանի վրա դրույքաչափերի բարձրացումը բերելու է ապրանքների գների համատարած թանկացմանը, չի համապատասխանում իրականությանը:

Պատգամավորը չհերքեց, որ կան ապրանքատեսակներ, որոնք հնարավոր է թանկանան: Հարցին, թե կարո՞ղ է ինքը երաշխավորել, որ առաջիկա մեկ տարում ՀՀ քաղաքացիների կյանքը կլավանա, Խոսրով Հարությունյանը պատասխանեց․ «Ես ընդամենը կարող եմ ասել, որ չի վատանա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում