Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում հայ համայնքին նվիրված հոբելյանական միջոցառումներ են անցկացվել

Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում հայ համայնքին նվիրված հոբելյանական միջոցառումներ են անցկացվել

Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո դեկտեմբերի 3-ին և 4-ին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում: Դեկտեմբերի 3-ին Կուրովի եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և մատուցվեց Սուրբ պատարագ` ի հիշատակ հայկական արմատներով ականավոր լեհ պետական, հասարակական-քաղաքական գործիչ, հոգևորական Գժեգոժ Պիրամովիչի: Նույն օրը Լեհաստանի գյուղատնտեսական կենտրոնական գրադարանի Պուլավի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը: 

Դեկտեմբերի 4-ին Լեհաստանի Նալեչով քաղաքի Մալախովսկիների պատմական ամրոցի դահլիճում մեկնարկեց «Հայերը 650 տարի շարունակ հավատարիմ Ռեչ Պոսպոլիտային» խորագրով գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու վարդապետ, Արքեպիսկոպոս Անտոնի Դիդիչը, Կուրովի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, անվանի հոգևորականներ, գիտնականներ, մտավորականներ, լրագրողներ Լյուբլինի համալսարանի ուսանողներ և այլն:

Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` շեշտելով Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության կարևորությունը ոչ միայն Լեհաստանի, այլև հայ ժողովրդի համար: Դեսպանը համառոտ ներկայացրեց 2017 թվականի ընթացքում Լեհաստանում պետական ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած մի շարք կարևոր միջոցառումները, Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերը, որոնք լավագույնս են արտահայտում Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի մշտական հարգանքը հայ ժողովրդի և դրա արժեքավոր պատմության նկատմամբ:

Գիտաժողովի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ականավոր հայազգի գործիչներին նվիրված տարբեր գիտական թեմաներով զեկույցներով հանդես եկան Լեհաստանի մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների ականավոր գիտնականներ և հոգևորականներ:

Միջոցառումները կազմակերպել են Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, Լեհաստանի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանը` տեղի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում