Կորյուն Նահապետյանը 2018 թ. պաշտպանության ոլորտի բյուջեն բանակի արդիականացման նոր փուլի իրականացման հնարավորություն է համարում

Կորյուն Նահապետյանը 2018 թ. պաշտպանության ոլորտի բյուջեն բանակի արդիականացման նոր փուլի իրականացման հնարավորություն է համարում

Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալու լուծել զինված ուժերի առջև դրված առանցքային խնդիրներ՝ սպառազինության, ռազմարդյունաբերական համալիրի բարելավման, առաջնագծի կահավորման, թիկունքային ապահովման և մի շարք այլ առանցքային ուղղություններով: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Նպատակային քաղաքականություն է իրականացվելու մի շարք ֆինանսական աղբյուրների համադրմամբ զինված ուժերի ռազմատեխնիկական հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ առաջիկա տարիների բյուջեի պլանավորման գործընթացի բարելավմանը, հատկապես պաշտպանության բյուջեի թափանցիկության ապահովմանը նպաստելու են սահմանադրական փոփոխությունները: «Այդ փոփոխությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել համապատասխան վերահսկողական գործիքներ: Մենք այս փուլում ունենք որոշակի առաջընթաց, սակայն դեռևս կան զգալի անելիքներ: Վստահ եմ, որ 2018 թ. սկսած՝ մենք պետք է կարողանանք բյուջեի կազմման մեթոդաբանական որոշակի խնդիրներ վերանայել և առավելապես բարձրացնել այդ գործընթացի թափանցիկությունը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Նա վստահություն հայտնեց, որ պաշտպանության ոլորտի բյուջեն էապես մեծացնելու է զինված ուժերի կարողությունները, նպաստելու է բանակի արդիականացման նոր փուլի իրականացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում