Կառավարությունը 2018-ը հռչակել է հետագա զարգացումների համար հնարավորություններ ստեղծելու տարի. Խոսրով Հարությունյան

Կառավարությունը 2018-ը հռչակել է հետագա զարգացումների համար հնարավորություններ ստեղծելու տարի. Խոսրով Հարությունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Կառավարությունն իր առաջարկած բյուջեի նախագծով 2018 թվականը հռչակել է հետագա զարգացումներն ապահովելու համար կարողություններն ամբարելու, հնարավորություններ ստեղծելու տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Ազգային ժողովում հերթական քառօրյա նիստի շրջանակում 2018 թվականի պետական բյուջեի քննարկմանը:

«2009 թվականին, երբ ունեցանք 14 տոկոս անկում, կառավարությունները եւ քաղաքական մեծամասնությունը նույնիսկ չմտածեցին իրենց սոցիալական պարտավորությունները կրճատելու մասին, որովհետեւ գտնում էին՝ կապ չունի, եկեք գտնենք եղանակներ, բայց սոցիալական նման ծրագրերը չկրճատենք. նույնը եղավ 2014-2015 թվականին: Այսինքն՝ կառավարությունը շատ լավ գիտակցում էր այն պարտավորությունը, որ ստանձնել է սոցիալական հանրության առջեւ, բայց միաժամանակ հասկանում է, որ անընդհատ պարտք վերցնել աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար, կործանարար է: Ի՞նչ անել. կառավարությունը ասում է՝ դիտարկենք այս տարին որպես հնարավորություն, որովհետեւ արտաքին տնտեսական ազդեցություններ էլ են դրան նպաստում, չվերցնենք որեւէ լուրջ սոցիալական ծրագրի պատասխանատվությունը, բայց փոխարենը փորձենք տնտեսության աճին իրապես նպաստող կապիտալ ներդրումների սեկտոր զարգացման համար իրական հնարավորություններ ստեղծել: Արդարացված է արդյո՞ք, իհարկե արդարացված է»,- ասաց Խոսրով Հարությունյանը եւ հավելեց, որ Կառավարության կողմից իր ծրագրերի արդյունավետությունը երաշխավորելու, իսկ խորհրդարանականների կողմից այդ գործընթացը վերահսկելու անհրաժեշտության խնդիր կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում