Ավելացել են ստվերի բոլոր դրսևորումները վերացրած խոշոր ու միջին հարկատուները

Ավելացել են ստվերի բոլոր դրսևորումները վերացրած խոշոր ու միջին հարկատուները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Խոշոր ու միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը տեղեկացնում է, որ ավելացել են ստվերի բոլոր դրսևորումները վերացրած հարկատուները: Լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Սաֆարյանը շեշտեց հանգամանքը, որ, հարկային մարմնի նախաձեռնած հնարավորությանն ընդառաջ, որոշ հարկ վճարողներ պատրաստակամություն են հայտնել հարկային մարմիններին հասանելի և թափանցիկ դարձնել իրենց հաշվապահական հաշվառման տվյալները՝ անհարկի ստուգումներից զերծ մնալու համար:

Նրա խոսքով` հարկ վճարողներին որպես ռիսկային և ոչ ռիսկային տարանջատումն ունի շարունակական բնույթ և իրականացվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր տեղեկատվության և տվյալի թարմացման դեպքում: «Ոչ ռիսկային համարվող հարկ վճարողների մասով իրականացվում է հարկային մարմնում առկա և այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվության մշտադիտարկում և գնահատում, իսկ ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ` հետևողական և ինտենսիվ վարչարարություն, որը հիմնականում սկսում է կանխարգելիչ, ինքնահայտարարագրման մղող գործողություններով՝ հանդիպումներ, բացատրական աշխատանքներ, իրազեկումներ, գրավոր ծանուցումներ, այնուհետև անհրաժեշտության դեպքում հաջորդում են հսկողական աշխատանքներ՝ ստուգումներ և ուսումնասիրություններ»,-ասաց պաշտոնյան` հավելելով, որ յուրաքանչյուր վերլուծության և գնահատման արդյունքներով ոչ ռիսկային համարվող հարկ վճարողը կարող է համարվել ռիսկային:

Ըստ պաշտոնյայի` վերլուծությունները կատարվում են հորիզոնական ու ուղղահայաց սկզբունքով: Սկզբում իրականացնում են ոլորտային ուսումնասիրություն, բացահայտում են տվյալ ոլորտում առկա օրինաչափությունները, օրինակ, շահութաբերության միջին մակարդակը, աշխատավարձերի միջին չափը: Դրանից հետո սկսում են անհատական վերլուծությունները տվյալ ոլորտում գործող կազմակերպությունների գծով: «Երբ ունենք միջին ցուցանիշներից շեղումներ, այդ կազմակերպություններում խորացնում ենք մեր աշխատանքները` փորձելով բացահայտել խախտումները: Իսկ միջազգային հարցումները, այլ ստորաբաժանումների հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս մաքսիմալ շատ տեղեկատվություն հավաքել, ինչը բավականին օգտակար է լինում վերլուծական աշխատանքներ կատարելիս»,-նշեց Արմեն Սաֆարյանը: Նա հայտնեց, որ իրենց տեսչություն-վարչության կողմից կամերալ ուսումնասիրությունների, անհատական և ոչ ստանդարտ վերլուծությունների արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել են իրազեկումներ և ծանուցումներ, որոնք նախորդ տարվա 11 ամիսների համեմատ ավելացել են մոտ 800-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում