Մոխրից վերածնունդ, աղետից զարգացում. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի է անցել

Մոխրից վերածնունդ, աղետից զարգացում. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի է անցել

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։ 1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը: Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Սպիացող վերքեր

Նորանկախ Հայաստանի համար առաջնային էր անօթևանների բնակարանային խնդրի լուծումը: Երկրաշարժից հետո՝ մինչև 2008 թվականը, գործադրված ջանքերի շնորհիվ, պետություն-մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ համագործակցությամբ աղետի գոտում 60 հազար ընտանիք բարելավել էր իր բնակարանային պայմանները: 2008 թվականին մեկնարկեց «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիր»-ը: Այդ ժամանակ հաշվառվեց 7 հազար ընտանիք, սակայն շահառու ճանաչվեց 5 հազար 381-ը:

Այսօր պատասխանատուները ծրագիրը մեծամասամբ կատարված են համարում: Մինչև 2016 թվականը լուծվել է 4 հազար 737 ընտանիքի բնակարանային խնդիր: Ներդրվել է 64.4 մլրդ դրամ: 2017 թվականին բյուջեով կես միլիարդից ավելի միջոցների հաշվին նախատեսված էր ավարտին հասցնել քաղաքային բնակավայրերում շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Ինչը հաջողվեց, նույնիսկ տնտեսում եղավ և 12 հոգի էլ գյուղական բնակավայրերից հնարավորություն ստացավ: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ևս 102 ընտանիք բարելավեց բնակարանային պայմանները:

Պետական ծրագրով շահառու ճանաչած ընտանիքներին աջակցություն էր ցուցաբերվում երկու ուղղությամբ՝ կառուցված բնակելի տների հատկացում և ֆինանսական աջակցություն`ուղղակի ֆինանսավորման ձևով կամ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: 2014 թվականից սկսած միակ ուղղությունը ֆինանսական աջակցության տրամադրումն է ուղղակի եղանակով կամ բնակարանի գնման վկայագրերով:

Անելիքները դեռ շատ են

Դեռ մոտ 540 ընտանիք սպասում է բնակարանային խնդրի լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դրանք հիմնականում Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերի ընտանիքներ են: Այդ ընտանիքների մեծ մասը բնակվում է Լոռու մարզում, մի որոշ մասը` Շիրակում, այնուհետև՝ Արագածոտնի մարզում: Արդեն 2018 թվականի բյուջեով նախատեսվել է ևս կես մլրդ դրամի չափով գումար մոտ 50 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար: Ամբողջական պարտավորությունների ավարտը նախատեսված է 2020 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում