Գյումրին վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ

Գյումրին վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ

Սպիտակի երկրաշարժից անցել է 29 տարի: Կորուստը ոչ միայն մարդկային էր, այլ նաև նյութական: «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ամփոփելով անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ թեև դանդաղ, բայց շատ բան փոխվել է այս ընթացքում:

«Տարերքի հասցրած ավերածությունների հետքը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում: Շիրակի մարզը երկրաշարժից տուժած ամենամեծ տարածաշրջանն էր: Արհավիրքի արդյունքում մեր տասնյակ հազարավոր համերկրացիներ մնացին անօթևան, մի քանի վայրկյանում կործանվեցին տասնամյակների ընթացքում կառուցված արտադրական հզորությունները, կրթամշակութային և սոցիալական նշանակության կառույցները: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով միայն Գյումրի քաղաքում 20 հազար 612 բնակարան քանդվեց կամ դարձավ բնակության համար ոչ պիտանի: Այդ թիվը ողջ մարզում հասավ 22 հազար 700-ի: Տարիներ անց էլ, չնայած կառուցված բնականների թիվը գերազանցում է կորցրածին, այնուամենայնիվ, քաղաքում դեռ տնակներ կան»,-նշեց Շիրակի մարզպետը:
Արթուր Խաչատրյանը անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին, նշեց, որ քաղաքում դեռ անելիքներ կան:

«Գյումրին, անշուշտ, փոխվել է: Մեծ աշխատանք է կատարվել, բայց Գյումրին ունի նաև խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Գյումրի շատ է փոխվել դեպի դրականը: Իհարկե, դեռ կան վերքերն ու հետքերը, բայց ժամանակը շատ բան է փոխում: Անցած 29 տարում կառուցվել են բնակարաններ, հազարավոր անօթևաններ տարեմուտը դիմավորել են տաք ու ապահով բնակարաններում, ստեղծվել են աշխատատեղեր: Քաղաքը վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ: Մեր հայրենակիցներից շատերը դեռևս ապրում են տնակներում կամ երկրաշարժից վթարային դարձած բնակարաններում:

Անելիքներ շատ կան, բայց և համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են աղետի հետևանքների վերացման, վերելքի և մեր մարզի շենացման տարիներ»,-ավելացրեց Արթուր Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում