Կառավարությունը 3 տարով երկարաձգում է սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու օրենքի գործողության ժամկետը

Կառավարությունը 3 տարով երկարաձգում է սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու օրենքի գործողության ժամկետը

Հայաստանի սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ենթադրող օրենքի գործողության ժամկետը կերկարաձգվի: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը 2018-ից երկարաձգել մինչև 2021թ.: «Հարգելի խորհրդարան, խնդրում եմ օրենքին տալ համապատասխան դրական ընթացք, որովհետև այն շատ կարևոր է և թղթակցվում է նաև պետական բյուջեի նախագծի հետ, քանի որ այդ գումարները, որոնք պետք է ուղղվեն սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցությանը, արդեն իսկ հաստատված են և ներկայացված են Ազգային ժողովի քննարկմանը պետական բյուջեի նախագծով»,-նշեց Տերտերյանը:

Հարակից զեկուցող, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին: «Ես հիշեցնեմ, որ սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքի գործողության ժամկետը լրանում է 2018թ.: Կառավարության կողմից ներկայացվել է նախագիծ, որ այդ ժամկետը երկարացվի մինչև 2021թ.: Ես Ազգային ժողովի ղեկավարությանը խնդրում եմ պատեհ պահի այս նախագիծը դնել քվեարկության և իմ գործընկերներին կոչ եմ անում կողմ քվեարկել, որպեսզի մենք կարողանանք մեր սահմանամերձ շրջանների բնակչությանը որոշակի աջակցություն ցուցաբերել, հատկապես, երբ այդ գումարները նախատեսված են մեր 2018թ. պետական բյուջեի նախագծում»,- եզրափակեց պատգամավորը:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2014թ.: Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցությունը տրամադրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում