Վերակառուցվում է Նորատուսի և Արծվաքարի ներտնտեսային ոռոգման ցանցը

Վերակառուցվում է Նորատուսի և Արծվաքարի ներտնտեսային ոռոգման ցանցը

2017 թվականի հոկտեմբեր ամսից ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի եւ Գավառ ու Նորատուս համայնքների համաֆինանսավորմամբ մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի եւ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի ներտնտեսային ոռոգման միասնական ցանցի վերակառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կառավարության աշխատակազմի Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 180 միլիոն դրամ, որում Նորատուս համայնքը ունի 6 միլիոն 400 հազար, իսկ Գավառի քաղաքապետարանը՝ 2 միլիոն 683 հազար դրամի համաֆինանսավորում: Ոռոգման ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ղարաբաղցյանշին» ՍՊԸ-ն:

Աշխղեկ Հարություն Աբրահամյանի հավաստմամբ՝ հոկտեմբերից մինչ օրս փորվել են խրամուղիներ ու տեղադրվել խողովակներ: Այս տարվա աշխատանքները կեզրափակվեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Ոռոգման ցանցը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա ոռոգման սեզոնին: Ցանցի շահագործման դեպքում 148 հեկտար տարածք կդառնա ոռոգելի, որից 108-ը՝ Նորատուսում, 40-ը՝ Արծվաքարում: Ըստ նախագծի՝ հաջորդ տարի Արծվաքարում եւ Նորատուսում տեղադրվելու են ջրհան կայաններ, որոնք գետից ջուրը վայրկյանում 30 խորանարդ մետր վայրկյան հզորությամբ մղելու են դեպի ջրատար խողովակներ, որոնց վրա տեղադրվելու են ջրթափներ՝ ջուրը սահմանված վայրեր հասցնելու համար: Ոռոգման ջրագծի վերակառուցումը գյուղատնտեսական նշանակության այս երկու բնակավայրերում կարեւոր խնդիր է լուծում: Բնակիչների հավաստմամբ՝ եկող տնտեսական տարում իրենք արդեն կմշակեն խոպան մնացած վարելահողերը, որոնցում հիմնականում կցանվեն կարտոֆիլ, հացահատիկ, այլ մշակաբույսեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում