Գյումրիում հարգեցին ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

Գյումրիում հարգեցին ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

Գյումրիում հարգել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Առավոտյան հոգեհանգստի պատարագ է մատուցվել Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, սակայն օրվա ընթացքում ևս մարդաշատ են ինչպես Գյումրիում գործող եկեղեցիները, այնպես էլ գերեզմանատները:

Մարդիկ, երկրաշարժից 29 տարի անց, կրկին այցելում են աղետին զոհ գնացած հարազատների շիրիմներին՝ սգալու ու խնկարկելու անդառնալի կորուստը: Մարդկանց հոսքը չի դադարում նաև անմեղ զոհերի եղբայրական գերեզմանին:

11:41 րոպեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, քաղաք այցելած հյուրերը ծաղիկներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ է Գյումրին իսպառ ազատվելու տնակներից, վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը այդ խնդրի լուծման համար ունի համալիր ծրագիր: «Քաղաքը տնակներից ազատելու կոնկրետ ժամանակացույց այս պահին չեմ կարող ասել, բայց Գյումրիում կյանքի որակը միանշանակ փոխվելու է»,-նշեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում