Սահմանամերձ զորամասի զինվորներն ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Գոշավանք

Սահմանամերձ զորամասի զինվորներն ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Գոշավանք

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր- Պսակ քահանա Մկրտչյանի եւ սահմանամերձ զորամասի սպաների նախաձեռնությամբ կազմակերպվեց ժամկետային զինծառայողների ուխտագնացությունը դեպի Գոշավանքի եկեղեցական համալիր:

Ուխտագնացությանը մասնակցեցին զորամասի 14 լավագույն զինվորները, իսկ սպայական անձնակազմը ներկայացնում էին փոխգնդապետ Արտակ Գեւորգյանը, մայոր Արբակ Սարգսյանը եւ լեյտենանտ Արեն Ոսկանյանը:

Զինվորները մոմեր վառեցին, աղոթեցին, մասնակցեցին պատարագին: Քարոզի օրվա թեման «Թզենու առակն» էր, որը Գոշավանքի հոգևոր սպասավոր հայր Սեդրակը մանրամասնորեն մեկնաբանեց զինվորներին՝ բացատրելով ապաշխարության խորհուրդը: Զինվորներն այցելեցին Գոշավանքի գրադարան: Հայր Սեդրակը նրանց ծանոթացրեց Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը, ապա նրանց ուղեկցեց մեծ փիլիսոփայի, իրավաբանի եւ առակագրի շիրիմի մոտ: Զինվորները Տեր-Պսակի եւ սպաների հետ լուսանկարվեցին բարի հիշողությունների համար, ապա վերադարձան զորամաս:

«Այսօր մեր զինվորները հաղորդակից եղան թե գրական ու մշակութային, թե քրիստոնեական արժեքներին: Նրանք, ինչու ոչ, նաեւ մենք՝ սպաներս, սովորեցինք «Թզենու առակը», ստացանք Տեր-Պսակի հոր հորդորներն ու խրատները՝ պարբերաբար եկեղեցի հաճախելու եւ աղոթելու, հաղորդվեցինք մեր ազգի պատմությանը, Մխիթար Գոշի նման մեծանուն հայի կյանքի ու գործունեության մասին կարեւոր տեղեկություններ քաղեցինք»,-նշեց մայոր Արբակ Սարգսյանը:

«Նման ուխտագնացություններ հաճախակի պետք է կազմակերպենք, որպեսզի հայ զինվորն իր հայրենի աշխարհի հոգեւոր արժեքները յուրացնի, հստակ ճանաչի պատմության ու բնության հուշարձանները, ավելի սիրով լցվի հայրենիքի, մերձավորների հանդեպ, ծառայության ընթացքում ունենա բովանդակալից, հիշարժան օրեր»,-նշեց Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում