ԱԺ-ում քննարկվելիք Հարկային օրենսգրքի լրացումների նախագիծն առաջարկում է 33 բովանդակային փոփոխություն

ԱԺ-ում քննարկվելիք Հարկային օրենսգրքի լրացումների նախագիծն առաջարկում է 33 բովանդակային փոփոխություն

Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգում կառավարության նախաձեռնությամբ ընդգրկված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծն առաջարկում է 33 բովանդակային փոփոխություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, նախագիծն առաջարկում է Հարկային օրենսգրքի 113 հոդվածներով 242 իրավական նորմերում կատարել փոփոխություններ ու լրացումներ: «Այդ փոփոխությունները կարելի է խմբավորել երեք խմբի, որոնցից ամենաէականը 33 բովանդակային փոփոխություններն են: Կատարվել է ևս 80 տերմինաբանական փոփոխություն, իսկ մնացածը տեխնիկական բնույթի փոփոխություններն են, որոնք ճշգրտող նշանակություն ունեն»,-ասաց փոխնախարարը:

Ըստ Դավիթ Անանյանի` առանցքային են շահաբաժինների հարկմանն առնչվող երեք հիմնական փոփոխությունները, նվազագույն շահութահարկի գերավճարների «զրոյաց­ման» իրավական նորմի վերացումը, հիպո­տեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտա­հարկի գումար­նե­րից փոխհատուցելու մասով սահմանա­փա­կում­ների կիրառումը: «Հաջորդ փոփոխությունը ներգնա տուրիզմի ոլորտին է վերաբերում: Ինչպես գիտեք, ներկայիս «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 34-րդ հոդվածով ներգնա տուրիզմը, այսինքն`ՀՀ տուր-օպերատորների կողմից կազմակերպվող տուրիստական ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից: Քանի որ հարկային օրենսգիրքը մշակելիս կառավարությունը որդեգրել էր հարկային արտոնությունների կրճատման և հարկման բազաների ընդլայնման քաղաքականություն, դրանով այս արտոնությունը վերացվել էր: Այնուամենայնիվ, հարցը, քննարկելով շահագրգիռ կողմերի հետ, որոշեցինք այս արտոնությունը վերականգնել և վերադառնալով ԱԱՀ ազատման նորմը վերացնելու հանգամանքին երեք տարի հետո»,-ասաց Դավիթ Անանյանը: Նրա խոսքով` այս որոշմամբ զբոսաշրջությունը գերակա ոլորտ հայտարարած կառավարությունը հնարավորություն է ընձեռում տուր-օպերատորներին գործել արտոնության շրջանակներում, իսկ երեք տարի հետո արդյունքներից դատելով որոշում կայացնել`պահել արտոնությունը, թե ոչ:

ՀՀ Հարկային օրենսգիրքը ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում