Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը, գնահատելով դեսպանի ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների ընդլայնման եւ խորացման գործում, նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Ռումինիայում ապաստանած հայերի սերունդներն այսօր այդ երկրի արաժանապատիվ քաղաքացիներ են:

Անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը, բացելով դռները դեպի Եվրոպա եւ ԵԱՏՄ, պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային այլ հարթակներում եւս բարեկամ երկրների համագործակցության եւ միմյանց սատարելու կարեւորությանը:

Սորին Վասիլեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին: Դեսպանը կարեւորել է երկու ժողովուրդների արժեհամակարգի եւ պատմական ճակատագրի ընդհանրությունները:

Սորին Վասիլեն ուրախությամբ փաստել է, որ իր առաքելության իրականացման ժամանակահատվածում ականատես է եղել մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին՝ դեսպանն արձանագրել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը մեծ ներուժ եւ հնարավորություն ունի կամուրջ դառնալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Դեսպան Վասիլեն երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին Ռումինիայի դեսպանության հետ համագործակցելու եւ բարեկամական երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը նպաստելու համար:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է հաջողություն եւ նոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում