Հայ երկրպագուները Ժոզե Մոուրինյոյից պահանջում են խաղադաշտ վերադարձնել Մխիթարյանին

Հայ երկրպագուները Ժոզե Մոուրինյոյից պահանջում են խաղադաշտ վերադարձնել Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ երկրպագուները անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի «Ինստագրամ»-ի էջը հեղեղել են Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնելու մեկնաբանություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:

Երկրպագուները, որոնց մեծամասնությունը հայեր են, իրենց մեկնաբանություններում պորտուգալացի մասնագետին կոչ են արել չանտեսել Հենրիխ Մխիթարյանին և խաղադաշտ վերադարձնել նրան:

Մխիթարյանի հայ երկրպագուներից մեկը Ժոզե Մոուրինյոյի «Ինստագրամ»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Ժոզե, մի անտեսիր տաղանդը, գեղեցիկ չի լինի, երբ ֆուտբոլային հանրությունը սկսի քեզ անտեսել»:

Երկրպագուները պորտուգալացու էջում կատարել են նաև հետևյալ գրառումները. «Մխիթարյանը գոլային փոխանցումների արքան է», «Մխիթարյանը լավագույնն է» և այլն: Գրեթե բոլոր մեկնաբանությունների հեղինակներն օգտագործել են #Mkhitaryan հեշթեգը:

Նշվում է, որ Մոուրինյոյի «Ինստագրամ»-ի էջում Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնելու պահանջով մեկնաբանություններ են գրվել երեք օր շարունակ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի վերջին 6 խաղերից 5-ում Հենրիխ Մխիթարյանին դուրս է թողել հայտացուցակից: Արդեն բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի նաև մանչեսթերյան դերբին, որը կկայանա դեկտեմբերի 10-ին: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել անգլիական ակումբը: Համաձայն շրջանառվող տեղեկությունների` հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտեր»-ը, որը պատրաստ է պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուին փոխանակել Մխիթարյանի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում