Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք

Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ մարզպետների, համայնքապետերի, շահագրգիռ կազմակերպությունների մասակցությամբ Դիլիջանում շարունակվում է ՀՀ համայնքների խորհրդաժողովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային երկրորդ օրը ներկայացվել է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների խոշորացման ծրագրի ընթացքին, համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Խորհրդաժողովին մասնակցում են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետերի Դաշնագիր-Արևելք» ծրագրի, համայնքներում էներգաարդյունավետության, «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» և այլ ծրագրերի ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը։ «Ներկայումս այդ բարեփոխումների արդյունքում ձևավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով։ Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք։ Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը»,-նշել է Վ. Տերտերյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՏԿԶ նախարարի հանձնարականով նման գրասենյակներով կապահովվեն բոլոր խոշորացված համայնքները և արդեն իսկ երկուշաբթի օրը քաղաքացիների սպասարկման գրասենյակ կբացվի Նոյեմբերյան համայնքում։ Վ. Տերտերյանի խոսքով, այս բարեփոխումների արդյունքում դրական ազդեցությունը համայնքային կյանքի վրա ակնառու է, մասնավորապես, ընդլայնվել և բարելավվել են համայնքային ծառայությունները, բարձրացվել է կառավարման արդյունավետությունն ու հանրային մասնակցությունը, ապահովվել է կառավարման թափանցիկությունը, ավելացվել ֆինանսական ռեսուրսները։ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ մի շարք խոշորացված համայնքներում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, տեխնիկական վերազինման, էներգախնայողության ծրագրերի իրականացման ուղղությամբ»,-ամփոփել է փոխնախարար Տերտերյանը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նրա խոսքով, դրանք իրականացվում են ըստ ժամանակացույցի, և որոշ համայնքների ծրագրեր արդեն մտել են իրականացման փուլ։ Խոսելով համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմների մասին` ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է այս ոլորտում նախատեսվող բարեփոխումները, դրանց պոտենցիալ հնարավորությունները, անդրադարձել է հաջողված օրինակներին։ «Յուրաքանչյուր համայնք պետք է ունենա համայնքային տնտեսական զարգացման պատասխանատու, ով ծրագրեր պետք է ներկայացնի մարզի զարգացման հիմնադրամներ, որը նախատեսվում է ստեղծել 2018-ին»,-իր խոսքում նշել է փոխնախարար Կարապետյանը։

Նախարարը, նախարարության պատասխանատուները պատասխանել են համայնքների ղեկավարների հարցերին, քննարկել բարձրացված խնդիրները։ Խորհրդաժողովի ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են համայնքների զարգացման ֆինանսավորման այլընտրանքային տարբերակներին վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում