Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարար Ռաեդ Խուրիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը նախարար Խուրիին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկված համակողմանի քայլերն՝ ուղղված երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը և այն գործարարների համար առավել գրավիչ ու դյուրին դարձնելուն:

Անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ընձեռած հնարավորություններին, ԵՄ հետ ս.թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և արտոնյալ առևտրային ռեժիմին, Իրանի հետ ազատ տնտեսական գոտուն:

Նախարար Ռաեդ Խուրին իր հերթին ներկայացրեց Լիբանանի տնտեսության ընդհանուր վիճակը, առկա ներքին և տարածաշրջանային մարտահրավերները, առաջիկա դրական միտումներն ու հեռանկարները:

Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Լիբանան-Հայաստան տնտեսական կապերի աշխուժացմանն ու երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունների մակարդակին դրանց համապատասխանեցմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում