Հաջորդ տարի կստեղծվեն մարզերի զարգացման հիմնադրամներ. զարգացման ծրագրերը կազմելու են տեղի մասնագետները

Հաջորդ տարի կստեղծվեն մարզերի զարգացման հիմնադրամներ. զարգացման ծրագրերը կազմելու են տեղի մասնագետները

Տարածքային կառավարման նոր հայեցակարգով, որն աշխատում է ներքևից վերև սկզբունքով, համայնքը պատվեր կներկայացնի պետությանը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը դիմել է բոլոր համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք ներկայացնեն մասնագետների, ովքեր ունակ կլինեն տնտեսական ծրագրեր ու համայնքների զարգացման ռազմավարություն մշակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը:

«Մենք վերջին տարվա ընթացքում մի շատ կարևոր գործընթացի`համայնքների խոշորացմանն ենք ականատես լինում, ինչը կշարունակվի նաև առաջիկա տարում: Եթե առաջ գործ ունեինք 900-ից ավելի համայնքների հետ, որտեղ տարբեր մոտիվացիաներ կային, տարբեր կարողություններ, համայնքների խոշորացմամբ`կարողությունները համեմատաբար համահարթեցվում են: Մենք ցանկացած խոշորացված համայնքում կարող ենք գտնել գոնե մեկ մասնագետ, ով ի վիճակի կլինի տնտեսական ծրագրեր մշակել: Մենք կոչ ենք արել բոլոր համայնքների ղեկավարներին այդ մասնագետներին գտնել, որպեսզի մենք օգնենք նրանց կարողությունների զարգացման հարցում»,-ասաց փոխնախարարը:

Պաշտոնյան տեղեկացրեց, որ հաջորդ տարի կանցկացվեն 10-ից ավելի դասընթացներ այդ մասնակիցների համար, որպեսզի նրանք արդեն գործնականում մշակեն տնտեսական զարգացման ռազմավարություն և առանձին ծրագրեր համայնքներում ենթակառուցվածքների, բիզնեսի ու գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Կարապետյանի խոսքով`դասընթացների ամբողջ իմաստը նրանում է, որ մասնագետները ոչ միայն նոր հմտություններ ձեռք, այլ տեսնեն, թե մյուս համայնքներն ինչով են զբաղված: «Համայնքները կգրեն ծրագրեր, կներկայացնեն իրենց առաջնահերթությունները, և պետական աջակից կառույցներն իրենց ռեսուրսների շրջանակում կամ նոր հայթայթվող ռեսուրսներով կփորձեն աջակցել համակարգին: Մենք կունենանք ներքևից կառավարությանը ներկայացվող պատվեր»,-հավելեց Վարազդատ Կարապետյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2018-ին ստեղծվելու են նաև մարզի զարգացման հիմնադրամներ, որոնք կլինեն գործարարության և տնտեսության աջակցության երկրորդ օղակը: «Հիմնադրամի միջոցները կգոյանան պետական բյուջեից, այն նաև կփորձի ֆոնդեր հայթայթել այլ աղբյուրներից: Մենք հիմնադրամում լավագույն մասնագետների ներառման խնդիր էլ ունենք: Ուզում ենք ոչ միայն առաջին մակարդակում` գյուղերում, քաղաքներում, համայնքներում, գտնել լավ կադրեր, այլև մարզերի զարգացման հիմնադրամում ունենալ պրոֆեսիոնալներ, ովքեր կօգնեն համայնքի մասնագետին ավելի լավ ծրագրեր գրել, ամբողջացնել դոնորների բազան, ֆինանսավորման աղբյուրները»,-նշեց փոխնախարարը Կարապետյանը` հավելելով, որ մարզի զարգացման հիմնադրամը միջոցներ ներգրավող ու համայնքներին առաջնային օգնություն ցուցաբերող մարմին է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում