Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում

Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում

Ստամբուլի ճարտարապետության մեջ Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել: Հայ մասնագետներն ուսումնասիրել են Իտալիայից Հայաստան հասած արխիվային փաստաթղթերը և պալյանների ճարտարապետական գործերի պատմությունն ամփոփվել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գրքում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանը նշեց, որ պալյանների նախագծմամբ Ստամբուլում կառուցվել են հարյուրավոր շինություններ:

«Պալյանները բավական հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն իրենց հայ լինելը մերժված էր երկար տարիներ: Նրանք ներկայացվում էին իտալացի ճարտարապետներ: Պալյանների արխիվը գտանք Իտալիայում, բավական մեծ դժվարությամբ այն տեղափոխեցինք Հայաստան: Սկզբում թվում էր, թե շատ արագ կարող ենք ուսումնասիրել և հանրայնացնել, բայց երբ սկսեցինք աշխատանքը, հասկացանք, որ դա բավական բարդ գործ է: Արխիվային փաստաթղթերում գրված էին ֆրանսերեն օսմաներեն, թուրքերեն, հայատառ թուրքերեն, արևմտահայերեն, որոնց զգալի մասն անընթեռնելի էին: Այս փաստաթղթերը 100 և ավելի տարի որևէ ձևով չէր շրջանառվել»,-ասաց Աշոտ Գրիգորյան:

Պալյանների նախագծերով են կառուցվել Դոլմաբահչե համալիրը, որը պալյանների մի քանի սերնդի աշխատանք է, Չըրաղան, Բեյլերբեյի պալատը, զորանոցը, դղյակներ, մենատներ, ամառանոցներ, մզկիթներ, ջրամբարներ և այլն, ընդհանուր առմամբ, 300-ից ավելի կառույցների մասին է խոսքը: Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Պալյանները համագործակցել հայ մասնագետների հետ և շենքերը կառուցելու գործում 90 տոկոսով հայերի հետ են աշխատել: Տարբեր պատճառներով այդ կառույցների մի մասը հրդեհվել է, վերափոխվել, սակայն մեծ մասը պահպանվել է:

Գիրքն այժմ թարգմանվում է թուրքերեն, որպեսզի տարածվի թուրքական համալսարանական, գիտական շրջանակներում:

«Պալյանների մասին քիչ է խոսվել Հայաստանում: Թարգմանությունների շնորհիվ ողջ աշխարհը պետք է Ստամբուլ գնալիս տեղեկացված լինի, որ այդ շինությունները հայերի ստեղծածներն են: Գիրքը Հայաստանի մշակույթի ճանաչման, պահպանման խնդիր է լուծում»,-ասաց Աշոտ Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում