Հայաստանը միջազգային գիտական հարթակում նախանձելի հաջողություններ է գրանցում

Հայաստանը միջազգային գիտական հարթակում նախանձելի հաջողություններ է գրանցում

Ուղիներ փնտրող Էկոկենտրոնը

Աշխարհում գիտության համար նախատեսված հիմնադրամները շատ են, ուղղակի պետք է գտնել դրանցից օգտվելու և դրամական միջոցները Հայաստան բերելու օպտիմալ ուղիներ: ՍրանումՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը ոչ միայն չի կասկածում, այլև պարբերաբար հիշեցնում է, որպեսզի երիտասարդ գիտնականները երկրից չհեռանան, իսկ պետական չնչին ֆինանսավորման սպասողներն էլ փորձեն դրսից գումարներ ներգրավել: Այս հարցում Էկոկենտրոնը մեծ փորձ ունի: Էկոլոգիական հետազոտություններում ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ բաժինը միջազգային համագործակցության ոչ մի հնարավորություն բաց չի թողնում: «Հեռազննման տեխնոլոգիաների ներդրման և համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ բաժնի ամենահաջողված խոշոր ծրագիրը Եվրոպական միության 7-րդ շրջանակային ծրագրի շրջանակում անցկացվող «FP7 EcoArm2ERA» նախագիծն էր, որտեղ, Հայաստանն`ի դեմս կենտրոնի, հանդիսանում էր նախագծի համակարգող»,- ասում է աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանը:

«FP7 EcoArm2ERA» նախագծի ավարտից անմիջապես հետո` 2014թ., կենտրոնը դարձավ Երկրագնդի զննման համաշխարհային խմբի (GEO) անդամ, իսկ վերջինիս գործադիր կոմիտեում ընդգրկվելուց հետո իրավունք ստացավ մասնակցելու Խմբի որոշումների կայացմանը: Էկոկենտրոնի ջանքերով ու ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ձեռք բերված այս անդամակցությունն էական նշանակություն ունեցող ձեռքբերում էր Հայաստանի եվրոպական գիտական տարածաշրջանին ինտեգրման ճանապարհին: «Երկրագնդի զննման համաշխարհային խումբն այդ բնագավառում միջազգային համագործակցության ամենաբարձր պլատֆորմն է և այստեղից գործնականորեն տեսանելի է ամբողջ միջազգային գիտական «դաշտը»: Խմբի անդամ 100-ից ավել երկրների շարքում են ինչպես տիեզերական գերտերությունները (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ երկրներ, Չինաստան և այլն) և միջազգային կազմակերպությունները, որոնք լուրջ փորձ ունեն տիեզերական հետազոտությունների և հեռազննման ոլորտում, այնպես էլ՝ համաշխարհային էկոլոգիական խնդիրներով զբաղվող բոլոր խոշորագույն կազմակերպությունները»,-հպարտությամբ է նշում Շուշանիկ Ասմարյանը: Երկրագնդի զննման համաշխարհային խումբը Հայաստանում ևս`ոչ շուտ, բայց ներկայացված կլինի: Այս պահին աշխատանքներ են տարվում Խմբի հայաստանյան խորհուրդ ստեղծելու ուղղությամբ, որում ներառված կլինեն Հայաստանի շահագրգիռ բոլոր կազմակերպությունները:

«Smart city»-ի կառուցման ճանապարհին

Սրանով կենտրոնի միջազգային համագործակցությունը չի սահմանափակվում: Շուշանիկ Ասմարյանի խորին համոզմամբ` գիտությամբ զբաղվելու և անընդհատ ինքնազարգացման պրոցեսում գտնվելու համար պետք է դուրս գալ ազգայինի սահմաններից` հնարավորինս ընդլայնելով միջազգային համագործակցության ցանցը:
Միջազգային համագործակցության համատեքստում խոշոր ձեռքբերումներից մեկը ԵՄ հետազոտությունների ու նորարարության «Հորիզոն 2020» շրջանակային ծրագիրն է: «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին խոշոր «H2020Connecting» (www.connectingnaure.eu) նախագիծը ստացած Էկոկենտրոնը դրա համար երկար ճանապարհ է անցել: «Հորիզոն 2020» ծրագիրը Հայաստան բերելու համար աշխատել սկսել է 2009 թվականից: «Փնտրել ու գտել ենք բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող էին մեզ օգնել ինտեգրվելու հզոր եվրոպական թիմերին և հաղթել բարձր մրցակցության պայմաններում:Փաստորեն, մեզ հաջողվեց`թեկուզ դժվարին ու լուրջ մրցակցության պայմաններում: Դա նման է չեմպիոնների պայքարի: Պատկերացնելու համար, թե ինչ մրցակցության մասին է խոսքը, ասեմ, որ մրցույթին ներկայացված 250 նախագծերից կարող է ընտրվել մեկը կամ երկուսը»,-ասում է Շուշանիկ Ասմարյանը:

Եվրոպական մի շարք քաղաքների էկոլոգիական խնդիրների բնահեն լուծումների մշակմանն ուղղված ծրագրի շրջանակում առաջիկա հինգ տարվա ընթացքում կենտրոնը կփորձի Երևանի համար մշակել նոր լուծումներ, որոնք կարող են ներառվել Երևանի «smart city»-ի մոդելի ստեղծման գործում: Մինչև «H2020Connecting» նախագծի ավարտը` 2022թ. հունիսը, Երևան քաղաքում կառաջարկվեն և կյանքի կկոչվեն բնահեն լուծումներ: «Բազմաֆուկցիոնալ քաղաքում, ինչպիսին է նաև Երևանը, շենքներ կառուցելիս պետք է հաշվի առնել մի շարք աշխարհագրական գործոններ, այդ թվում, օրինակ, ռելիեֆը, քամիների ուղղությունը`առավելևս, եթե քաղաքում արդյունաբերական ձեռնարկություններ կան: Քաղաքների օդափոխության համակարգը խախտում են հիմնականում ֆիզիկական խոչընդոտները (քաղաքային կառուցապատումը), իսկ Երևանում կառուցապատման նորմերի կոպիտ խախտումներ են արվել, որոնք էլ հենց հանգեցրել են օդափոխության խանգարմանն ու ամռան ամիսներին ջերմային կղզիների առաջացմանը»,-ասում է Շուշանիկ Ասմարյանն ու ավելացնում` Էկոկենտրոնի ջանքերով փորձելու են ֆուկցիոնալ կանաչապատման եղանակով, այսինքն`բնահեն լուծումներով վերացնել մայրաքաղաքում ձևավորվող ջերմային կղզիները: Դրանք հայտնաբերելու գործում մեծապես կօգնի վերջերս ՀՀ ԿԳՆԳիտության պետական կոմիտեի աջակցությամբ ձեռք բերված անօդաչու թռչող սարքը, որից առաջին լուսանկարները կարվեն հաջորդ տարվա գարնանը:

Հեռազննման տեխնոլոգիաների օգնությամբ մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների վերացման բնահեն ուղիները մշակելուց հետո կենտրոնը կանցնի դրանց իրագործմանը.Երևանի քաղաքապետարանն իր թույլտվությունն արդեն տվել է: Ի դեպ, նախկինում էլ է քաղաքապետարանի պատվերով և ֆինանսավորմամբ Էկոկենտրոնի կողմից նմանատիպ ծրագիր իրականացվել է, որի շրջանակներում Երևանի օդի, ջրի ու հողի վիճակը գնահատելուց հետո ընտրվել են այնպիսի ծառատեսակներ, որոնք ունեն մետաղակլան ու փոշեկլան հատկություն և աղտոտման նկատմամբ որոշակի կայունություն: Դրանով զբաղվել է Էկոկենտրոնի կենսաքիմիայի բաժինը, իսկ տիեզերքից արված լուսանկարների օգնությամբ բույսերի ընդհանուր վիճակը վերծանել է ԱՏՀ և հեռազննման բաժինը:

«Ժամանակակից հեռազննման տեխնոլոգիաներն անփոխարինելի են Հայաստանի բարձրլեռնային հողահանդակների դեգրադացմանաստիճանի, քաղաքների օդային ավազանի էկոլոգիական վիճակի, Սևանա լճի ջրի որակիև այլ էկոլոգիական խնդիրների գնահատման գործում»,-ասում է Շուշանիկ Ասմարյանը և երիտասարդներին հորդորում` Հայաստանից դուրս գիտությամբ զբաղվելու փոխարեն ուղիներ գտնել Հայաստանում այն զարգացնելու համար:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում