ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է: «Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս գործելու, սակայն հանրության համար տեսանելի փոփոխություններ ակնկալել պետք չէ»,-ասաց բանախոսը:

Նրա խոսքով` նման փաստաթղթեր ստորագրել են նաեւ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: «Այդ փաստաթղթերն արդեն իսկ այդ երկրներում ուժի մեջ են մտել, բայց նշված երկրները Հոլանդիա կամ Շվեյցարիա չեն դարձել»,-ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ այն շրջանակային փաստաթուղթ է, որն ունի նորմատիվ բազա:

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև: Այն ստորագրվել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում