«Իրատես». Գալուստ Սահակյան. «Եթե հարուստ է, շատ փող ունի, ամեն ինչ էլ կարող է ուտել»

«Իրատես». Գալուստ Սահակյան. «Եթե հարուստ է, շատ փող ունի, ամեն ինչ էլ կարող է ուտել»

Հայաստանում վերջին շրջանում արձանագրված գնաճի վերաբերյալ «Իրատես»-ը զրուցել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

-Այս թանկացումների ալիքը, տևական ժամանակ անփոփոխ իրավիճակն ինչպե՞ս կարող են հանրության շրջանում ապագայի հանդեպ հույսեր արթնացնել:

-Նույնիսկ երբ կառավարությունը բացատրում է, թե ինչու են թանկացումներ լինում, ժողովուրդը դրան հավատ չի ընծայում, քանի որ մարդը սոված է և ուզում է ամեն ինչ էժան լինի, որ կարողանա ավելի լավ ապրել: Թանկացումը բոլորի վրա էլ ազդում է, առավել ևս այն մասսայի, որը վատ է ապրում: Բնականաբար, այս հատվածն ավելի բողոքավոր է: Քանի որ առջևում Ամանորն է, կարծում եմ, կառավարությունը մտածում է ինչ-որ բան անելու մասին, որպեսզի մարդիկ կարողանան նշել հունվարյան տոները: Իսկ թանկացումը, էժանացումը պայմանավորված են համաշխարհային տնտեսական իրավիճակով, որի պարզաբանումը հանրության համար էական նշանակություն չունի:

-Պարոն Սահակյան, Դու՞ք էլ եք համաձայն, որ հարուստը պետք է ուտի միս ու կարագ, իսկ աղքատը խուսափի նման թանկ սննդատեսակից ու բավարարվի միայն կարտոֆիլով:

-Ճիշտն ասած, եթե հարուստ է, շատ փող ունի, ամեն ինչ էլ կարող է ուտել: Պետությունները պետք է կարողանան այնպիսի տնտեսական համակարգ ստեղծել, որ մարդը կարողանա ուտել այն, ինչն անհրաժեշտ է իր հետագա կյանքը շարունակելու համար:

-ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը 30 տոկոս է: Ի՞նչ է արվում այդ թիվը կրճատելու համար:

-Հայաստանում, մինչ ֆինանսատնտեսական ճգնաժամը, աղքատության տոկոսը բավական ցածր էր, ճգնաժամից հետո ողջ աշխարհում մեծացավ աղքատների թիվը: Հայաստանում աղքատության մակարդակը քչացնելու համար պետք է տնտեսությունը զարգացնել, այլապես շատ դժվար կլինի աղքատության դեմ պայքարել: Բյուջեի քննարկման ժամանակ կառավարությունը վստահեցրեց, որ առաջիկա տարիներին այդ տոկոսը կնվազի, մարդիկ ավելի լավ կարող են ապրել:

-Ինչպե՞ս են լավ ապրելու, եթե առաջիկա տարում ոչ թոշակն է ավելանալու, ոչ աշխատավարձը:

-Այն գումարները, որոնք ուղղվում են պաշտպանության, անվտանգության հարցերին, կարելի էր չուղղել և տալ աշխատավարձ ու թոշակ, բայց պետք է մտածել, ո՞րն է առավել կարևորը` երկրի անվտանգությու՞նը, թե՞ թոշակները: Չնայած, եթե թոշակը չի բարձրացել, ոնց ուզում ես մարդուն բացատրի, նա չի համոզվի: Բայց կարծում եմ, որ մյուս տարվա բյուջեով այս երկու խնդիրներն ինչ-որ ձևով կլուծվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում