Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն

Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն

Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն դեկտեմբերի 12-ին ստորագրեցին «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը եւ սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրային փաստաթուղթը:

Փաստաթղթի ստորագրումից հետո նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրի իրագործման համար Ռուսաստանի Դաշնությունը 1 միլիոն 400 հազար դոլար է տրամադրել, որից 60 տոկոսից ավելին կուղղվի ծրագրի իրագործմանը, մնացածը՝ վերապատրաստման եւ տեխնիկական աջակցության աշխատանքներին: «Ջերմատները կառավարելու իրավունքը կտրվի տվյալ դպրոցին, եւ այդ դպրոցներում արտադրված բանջարեղենը կամ այլ գյուղատնտեսական մշակաբույսը կօգտագործվի հենց դպրոցականների սննդի ուղղությամբ: Ծրագիրը դեռեւս փորձնական է, այն 2018 թվականին կիրականացվի մարզային երեք դպրոցներում»,-ասաց նախարարը:

Նա ծրագրի իրագործման երկու բաղադրիչ առանձնացրեց: Առաջին. դպրոցներին կից կկառուցվեն փոքր, միջին եւ մեծ ջերմոցներ՝ հասկանալու համար դրանց արդյունավետությունը: Արդյունքում լավագույն մոդելը կկիրառվի նաեւ այլ դպրոցներում: «Այս ծրագրի երկրորդ բաղադրիչը գյուղերում սոցիալ-անապահով խավի զբաղվածության կազմակերպումն է: Դա կարող է լինել ուղղակի գումարի տրամադրում սոցիալապես անապահով բնակչությանը կամ որեւէ ընտանիքի, բայց պայմանը լինելու է հետեւյալը, որ այն ընտանիքը, որը կհամաձայնի մասնակցել այս ծրագրի իրագործմանը, ծրագրի ավարտից հետո պետք է դուրս գա սոցիալ-անապահով ընտանիքի ցուցակից: Իրենց համար նախատեսված է ֆինանսական աջակցություն, վերապատրաստում, ուսուցում»,-հավելեց Իգնատի Առաքելյանը:

«Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը եւ սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի իրագործմանը կաջակցեն նաեւ Կրթության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում