Եվրամիության հետ նոր համաձայնագիրը նորանոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ. Ֆրանսիայի դեսպան

Եվրամիության հետ նոր համաձայնագիրը նորանոր հեռանկարներ է բացում  Հայաստանի առջեւ. Ֆրանսիայի դեսպան

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպա Ժոնաթան Լաքոտը:

«Պետք է հստակ գիտակցել, որ այդ համաձայնագիրը իր ձեւով եզակի փաստաթուղթ է, որովհետեւ այսօրվա դրությամբ այն միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետության հետ: Հենց ամբողջ հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, կարող է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ Եվրամիության հետ»,- նշեց Ժոնաթան Լաքոտը՝ ընդգծելով, որ համաձայնագիրը նորանոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ, տալիս է մի շարք առավելություններ:

Նրա խոսքով՝ փոփոխությունները միանգամից չէ, որ պետք է զգացվեն, սակայն համաձայնագիրը երաշխիք է առ այն, որ ՀՀ-ում ստանձնած բարեփոխումները համապատասխանում են եվրոպական չափանիշներին:

«Բնականաբար, սա Հայաստանի համար շատ մեծ պատասխանատվություն է, որովհետեւ համաձայնագրի ստորագրումով այդ բարեփոխումները հնարավորություն են տալիս մոտենալու եվրոպական նորմերին, մղում են պետությանը ձեռնարկել բարեփոխումներ: Իսկ ԵՄ անդամ պետությունները քաջ գիտակցում են այդ բարեփոխումների կարեւորությունը, որ Հայաստանը ստանձնել է»,-ասաց նա:

Ժոնաթան Լաքոտն ընդգծեց, որ Հայաստանն իր բազմակողմ քաղաքականության շնորհիվ կարող է շատ կարեւոր օղակ հանդիսանալ տարածաշրջանում: Նրա խոսքով՝ այստեղ հաստատված ֆրանսիական ընկերությունների համար չափազանց կարեւոր է ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը:

«Եվ այս առումով Հայաստանը ստանձնում է կապող օղակի, կամրջի դեր»,-նշեց Ժոնաթան Լաքոտը եւ հավելեց, որ ներդրողի համար կարեւոր են նաեւ իրանական շուկայի պոտենցիալ հնարավորությունները:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում