Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Հայաստան ներմուծված ԳՄՕ սերմերի հետ կապված խոսակցություններին

Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Հայաստան ներմուծված ԳՄՕ սերմերի հետ կապված խոսակցություններին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Մոնսանտո» ընկերության կողմից Հայաստան ներմուծված գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ (ԳՄՕ) սերմերի հետ կապված խոսակցություններին:

Նախարարը նշել է, որ «Մոնսանտո»-ն հերքել է լուրը, մաքսային ցուցակներում եւս չկան այդ ընկերության կողմից ներմուծված ԳՄՕ սերմեր: «Քանի դեռ մենք չունենք օրենսդրություն, որը կարգավորում է այդ հարցը, կա ներմուծման հնարավորություն: Հետեւաբար, մենք պետք է շատ զգույշ լինենք»,-ասաց Իգնատի Առաքելյանը:

Նախարարը վստահեցրեց, որ հատուկ աշխատանքային հանձնաժողովը, որը կազմված է հասարակական կազմակերպություններից եւ համապատասխան այլ գերատեսչություններից` առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարություններից, քննարկում է այդ հարցը: «Մենք կպատրաստենք համապատասխան միջոցառումների ցանկ եւ կհստակեցնենք, թե ինչ կարգի օրենսդրական փոփոխություններ պետք է անենք, որպեսզի այդ հարցը փակվի, եւ կառավարության կողմից այդ հարցի վերաբերյալ լինի հստակ դիրքորոշում»,-նշեց նախարարը:

«Մոնսանտո» ընկերության հետ կապված ահազանգել էր նաեւ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:Նա իր ֆեյսբուքյան էջում հայաստանցիներին կոչ էր արել հեռու մնալ Monsanto ընկերության արտադրանքից, որի հետ համագործակցության մեկնարկը նոյեմբերի 1-ին տվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում