Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցությանը

Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Նալբանդյանը շեշտել է, որ վերջին քառորդ դարում Հունաստանի հետ կարողացել են զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ և երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսությունից և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

«Մենք ստեղծել ենք հարուստ իրավապայմանագրային դաշտ, որը կարող է լավ հիմք հանդիսանալ մեր կապերի հետագա ամրապնդման համար: Սերտորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ուսումնասիրում ենք մեծաթիվ հայկական և հունական սփյուռքների միջև փոխգործակցության հնարավորությունները` ի շահ մեր ժողովուրդների:

Այս համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է առաջ ընթալալ փոխադարձ համագործակցության տարբեր ոլորտներում, մասնավորապես, ի թիվս այլոց միանալ COSME, «Ստեղծագործ Եվրոպա», «Հորիզոն 2020» ծրագրերին, նախաստորագրել Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը և ստորագրել Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ միաժամանակ հատուկ կարևորություն տալով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին: Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցությանը:

Իհարկե, մենք քննարկում ենք Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Այս առումով օգտակար կարող է լինել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և գործարար համաժողովների կազմակերպումը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում նոր հնարավորություններ են առաջ եկել առևտրի և ներդրումների համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա:

Հայաստանն արտոնյալ ռեժիմ ունի ԵՄ, ԱՄՆ, Ճապոնիայի և այլ երկրների հետ: Հուսով ենք, որ քաղաքական զարգացումների արդյունքում ընձեռնված հնարավորությունները թույլ կտան լիարժեք տնտեսական համագործակցություն ծավալել 80 միլիոնանոց շուկա ունեցող մեր հարևան Իրանի հետ: Այդ առումով հատկանշական կարող են լինել Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային և կապի երթուղիների վերաբերյալ նախագծերը»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Նալբանդյանի ամբողջական ելույթը՝ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում