Հայաստանը 2018 թ. գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյանը նշել է Հունաստանում

Հայաստանը 2018 թ. գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյանը նշել է Հունաստանում

Հայաստանի Հանրապետությունը 2018թ գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին՝ նա հիշեցրել է, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: «Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»,– հայտարարել է Նալբանդյանը:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում