Հայաստան կայցելելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

Հայաստան կայցելելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը հանդես եկան համատեղ ասուլիսով:

Գերմանիայի դեսպանը, մասնավորապես, նշեց, որ կարեւոր է, որ շաբաթը լինի ոչ թե զուտ փորձագետների միջեւ տեղեկատվության փոխանակում, այլեւ ներգրավի հանրությանը:

«Ես այստեղ եմ, քանի որ 2015 թվականին Գերմանիայի դեսպանատունը ստանձնեց ՆԱՏՕ-ի կոնտակտային կենտրոնի կարգավիճակը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեկնարկում է հերթական շաբաթը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել: Եվ թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով, որոնց գագաթնակետը կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցելությունը»,-ասաց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական ակնարկ Զինված ուժերի վերաբերյալ» խորագրով սեմինարի անցկացում:

«Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյային՝ մասնակցելու տվյալ միջոցառմանը»,-ասաց նա:

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ստեղծվելիք Վստահության հիմնադրամի մասին՝ ընդգծելով, որ սա Գերմանիայի համար կարեւորագույն հարցերից է:

«Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համար: Հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը օրեր առաջ է վավերացվել, եւ արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին»,– ասաց Գերմանիայի դեսպանը եւ հիշեցրեց, որ հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է մարտական մեքենաների թվի նվազեցում 21-ով, շուրջ 140 ոչ պիտանի պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակություն Հայաստանին մարդասիրական ականազերծման մասով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում