Սեյրան Սարոյանի համար Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել

Սեյրան Սարոյանի համար Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի համար ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը նշեց, որ Հայկազ Բաղմանյանը վաղուց է բանակից դուրս գալու ցանկություն ունեցել: «Ես եմ իրեն համոզել, որ դուրս չգա բանակից»,- ընդգծեց Սարոյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ Հայկազ Բաղմանյանը իր հորդորով է զինված ուժերից զորացրվելու զեկուցագիր ներկայացրել, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այո, այս անգամ նախարարի հորդորով է եղել, երևի նոր կադրերի, նոր մարդկանց հնարավորություն տալու համար»:

Պատգամավորը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է թույլ տված չարաշահումների համար: Նրա խոսքով՝ Հայկազ Բաղմանյանը լավ ծառայություն է ունեցել, ապրիլյան պատերազմի առաջին օրերից էլ եղել է առաջնագծում: «Վաղը մյուս օրը, Աստված չանի, մի բան լինի ես էլ, Բաղմանյանն էլ բոլորս էլ կգնանք առաջնագիծ»,- ասաց Սարոյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 5-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Մինչ այդ ՀՀ պաշտպանության Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայկազ Բաղմանյանը Զինված ուժերից զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով՝ աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում