ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Աթենքում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հունաստանի հայկական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Աթենք իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-հունական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։

Էդվարդ Նալբանդյանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին, ծանոթացրել է միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում