Էներգետիկայի ոլորտի բարեփոխումներով հնարավոր կլինի օգոստոսին կուտակել էներգիա, դեկտեմբերին` սպառել

Էներգետիկայի ոլորտի բարեփոխումներով հնարավոր կլինի օգոստոսին կուտակել էներգիա, դեկտեմբերին` սպառել

Էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որոնք գտնվում են ՀՀ Ազգային ժողովում, թույլ կտան պլանավորել սեփական արտադրությամբ էլեկտրաէներգիայի սպառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը: Նրա խոսքով` նախարարության նախաձեռնությամբ մոտ 1.5 տարի է Հայաստանում մշակվել են մեխանիզմներ, որոնք ուղղված են վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ ինքնավար էներգաարտադրության իրականացմանը: «Այսօր ցանկացած անձ կարող է 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայան կառուցել ու ստացված էներգիայի ավելացուկը ամսվա կտրվածքով մատակարարել ՀԷՑ-ին`դրա դիմաց ստանալով փոխհատուցում իր համար սահմանված սակագնի կես չափով: Եթե ինքնավար էներգաարտադրողն սպառել է ավելին, քան մատակարարել է, ինքը ցանցին ավելցուկի համար վճարում է իր համար սահմանված սակագնով, իսկ եթե մատակարարել է ավելի շատ, ապա հաշվարկը կատարվում է տարվա կտրվածքով և փոխհատուցվում հաջորդ տարվա մարտին կամ ապրիլի սկզբին»,-ասաց պաշտոնյան:

Մինչդեռ նախատեսվող փոփոխությունների արդյունքում ինքնավար էներգաարտադրողի և ՀԷՑ-ի միջև փոխհոսքերի իրականացման մեխանիզմների փոփոխություն կկատարվի: «Հնարավոր կլինի պլանավորել արտադրություն-սպառում շղթան ոչ թե ամսվա կտրվածքով, ապա տարվա: Նոր բարեփոխումներով` հնարավոր կլինի էլեկտրաէներգիա արտադրել օգոստոսին, ի պահ տալ ՀԷՑ-ին և սպառել դեկտեմբերին»,-ավելացրեց Դանիել Ստեփանյանը:

Բացի այդ` մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է իրավաբանական անձանց համար սեփական կարիքների համար արտադրվող էներգիայի 150 կՎտ սահմանաչափը հասցնել 500 կՎտ-ի։ «Սրանով հնարավորություն կընձեռվի խոշոր սպառում ունեցող իրավաբանական անձանց նույնպես իրականացնել ինքնավար էլեկտրաարտադրություն և պլանավորել սեփական սպառումը սեփական արտադրությամբ»,- նշեց նախարարության պաշտոնյան: Նրա դիտարկմամբ` այս փոփոխությունը կնպաստի, որ ՓՄՁ-ներն ընդգրկվեն այս մեխանիզմներում, այդ թվում` գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվողները կիրառեն այս տեխնոլոգիաները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում