Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահող երկրների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար

Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահող երկրների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է: Այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում: Նախարարը նշել է, որ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Նրա գնահատմամբ, ընդհանուր առմամբ, այն անցել է դրական մթնոլորտում:

«Հանդիպումից հետո ես նշեցի, որ տեսնենք, թե զարգացումներ կլինե՞ն դրանից հետո: Ինչո՞ւ, քանի որ այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես, ընդհանուր առմամբ, անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը: Անցած շաբաթ ԵԱՀԿ նախարարական համաժողովին ունեցած իմ ելույթում մանրամասն անդրադարձա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում։ Հարց է առաջանում, ինչպե՞ս հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերով ստանձնած իր հանձնառությունը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել լարվածությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը ձևացնում է, իբրև թե նախորդ գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններ են: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը նախապայմաններ առաջ չի քաշել, սակայն դա չի նշանակում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է կատարվեն: Համբուրգում և Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհուրդների ընթացքում համանախագահների ընդունած հայտարարությունները ապացուցեցին, որ Ադրբեջանի` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը մերժելու փորձերը դատապարտված են ձախողման: Նա ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը»,-ասաց նա:

Համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ինչպես միշտ Հայաստանը նման հանդիպումներին գնում է կառուցողական տրամադրվածությամբ։ Ըստ նրա` եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում