Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են

Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են

ՀՀ քաղաքացու դիմումն այն մասին, որ խանութում պոլիմերային ծագման բրինձ են վաճառում, ուսումնասիրվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից: Ինչպես հայտնեցին ՍԱՊԾ-ից, քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են: Նմուշառված բրնձի խմբաքանակը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների՝ ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով:

Համաձայն դրանց արդյունքների՝ քաղաքացու մատնանշած խանութից նմուշառված բրինձը անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի (Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին: Իրացման ցանցում ՍԱՊԾ մասնագետներին տրամադրվել է համապատասխանության հայտարարագիր, համաձայն որի բրինձը հանդիսանում է առաջին կարգի, և՝ որ արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում ընդունված տեխնիկական պայմանների համաձայն: Զգայաբանական վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ներկայացված նմուշը, համաձայն 6292-93 ԳՕՍՏ-ի, հանդիսանում է ոչ թե առաջին կարգի, այլ մանրատված տեսակի բրինձ: Նմուշն ունեցել է արտահայտված հոտ, որը կարող էր պայմանավորված լինել այլ ապրանքների հետ համատեղ պահեստավորմամբ:

Իրացման կետից ստացած տեղեկատվության հիման վրա նմուշառում է արվել նաև հավանական ներմուծողի պահեստից: Նմուշառված խմբաքանակը ենթարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ պահեստավորված բրինձը նույնպես համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Զգայաբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցից և պահեստից վերցված նմուշները նույնական չեն (տհաճ հոտով բրինձը մինչ այդ վաճառքից ամբողջությամբ հանվել էր): Հարկ ենք համարում նշել, որ իրականացվել են բազմակողմանի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում հերքվել են փորձանմուշների արհեստական ծագման վերաբերյալ ենթադրությունները: Դա հաստատվել է նաև նմուշների՝ բարձր ջերմաստիճանի նկատմամբ ունեցած վարքով: Փորձաքննության ենթարկված նմուշն այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձևով, իսկ այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երևույթները (համեմատության համար երկու նմուշնից բացի հետազոտվել է նաև բարձրորակ բրնձի նմուշ. այրման ընթացքում բոլոր երեք նմուշները դրսևորել են միանման վարքագիծ): Բացի այդ, պարզվել է, որ նմուշների ածխաջրային կազմը գտնվում է բրնձին բնորոշ տիրույթում:

Փաստացի, լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխարենը իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ: ՍԱՊԾ-ն կշարունակի այլ հավանական եղանակներով ուսումնասիրությունները՝ սպառողներին ամբողջական պատկերը ներկայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում