Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին իր աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը. Ռուբեն Սաֆրաստյան

Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին իր աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը. Ռուբեն Սաֆրաստյան

Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստեցին իր աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ռուսական զորքերի դուրս բերումը նշանակում է, որ Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները հիմնականում լուծել է:

«Սիրիայում Ռուսաստանի գործողություններով հնարավոր եղավ պահպանել և ամրապնդել Սիրիայի օրինական իշխանությունների, նախագահ Բաշար Ալ Ասադի դիրքերը: Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով ազդարարեց, որ փորձում է վերադառնալ Խորհրդային Միության հզոր դիրքերին, ահա այդ հաջող ռազմական գործողություններով ՌԴ-ն փորձեց ուժեղացնել իր դիրքերը: Ռուսաստանը զուտ ռազմական տեսանկյունից ցույց տվեց, որ կարող է ռազմական խնդիրներ լուծել երկրի սահմաններից դուրս: Այս գործողությունները Ռուսաստանի զինված ուժերին մեծ օգուտ էին՝ այն առումով, որ փորձառություն ձեռք բերեցին իրական ռազմական պայմաններում ուժերը գործարկելու առումով»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, անհանգստացնող են Թուրքիայի քայլերը: Մի կողմից՝ Ռուսաստանը զորքերը դուրս է բերում, մյուս կողմից՝ Թուրքիան զորքերն ավելացնում է հյուսիսում: Էրդողանն այնպիսի հայտարարություններով է հանդես գալիս, որոնք վկայում են, որ իր զորամիավորումներն այդ հատվածում երկար է պահելու: Նրա խոսքով, ի վերջո Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում գտնվում են ոչ թե Ասադի խնդրանքով, այլ անցել են Սիրիայի սահմանը, տեղակայել են ռազմակայանները: Մամուլի հաղորդագրության համաձայն, Թուրքիան նախատեսում է ռազմակայանների թիվը հասցնել 8-ի: Թուրքիան այնտեղ հաստատվում է` չունենալով այդ պետության հրավերը:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցվում են, և պայքարը տեղափոխվում է դիվանագիտական դաշտ: Փետրվարին նախատեսվում է Սիրիայի հարցով անցկացնել ազգային կոնգրես` տարբեր քաղաքական ուժերի, կառավարության, ընդդիմության մասնակցությամբ: Բանակցություններ են ընթանում նաև Ժնևում: Նկատվում է Արևմուտքի, Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն Սիրիայի նախագահի նկատմամբ:

«Պատկերը փոխվել է, իսկ դա նշանակում է, որ այդ երկրները վերադառնում են իրական քաղաքականություն: Ակնհայտ է, որ առանց Ասադի կառավարության հնարավոր չէ խաղաղ գործընթացը զարգացնել: Եթե ռուսական զորքերի ռամական գործողությունները չլինեին, կասկածում եմ, որ Արևմուտքը, Թուրքիան կփոխեին Ասադի նկատմամբ իրենց դիրքորոշումը: Հասկացան, որ Ասադն ունի իր երկրի բնակչության մեծամասնության օժանդակությունը, դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի դիրքորոշումը»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում