Արաքս գետի ափի շուրջ շինաշխատանքները կիրականացվեն գալիք տարի. ռուսական կողմը որևէ կապ չունի. Արսեն Հարությունյան

Արաքս գետի ափի շուրջ շինաշխատանքները կիրականացվեն գալիք տարի. ռուսական կողմը որևէ կապ չունի. Արսեն Հարությունյան

Կառավարությունը հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու մասին որոշման նախագիծը: Կնքված պայմանագրի շրջանակում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

Ըստ նախագծի, քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև՝ նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել, և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ պայմանագրով ընդհանուր 12,2 միլիոն դրամի աշխատանք է նախատեսված, որի հիմնականը՝ 9,5 մլն դրամի աշխատանքը շինարարն ավարտել է: «Քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված պայմանագիրը ավարտում ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ»,- վստահեցրեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը պարզապես ներկա է լինում իրանական կողմի հետ բանակցություններին՝ որպես սահմանը վերահսկող կողմ:

Դիտարկմանը, թե նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ խնդիրը ռուսական սահմանապահների հետ է, և նրանք համաձայնություն չեն տալիս, Արսեն Հարւթյունյանը նշեց, որ վրիպակ է եղել:

«Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում են իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմն առարկություններ ունի, քանի որ գետը թեքվում է Հայաստանի կողմը: «Ռուսական կողմը ձայնի իրավունք չունի և որոշում ընդունողը հայկական ու իրանական կողմերն են»,- ասաց նա:

«Իրանական կողմը հարց է բարձրացել և հիմա քննարկումներ են ընթանում, խոսքը 40 մետրի մասին է: Իրանական կողմի բանակցությունները դադարեցնում ենք, քանի որ շինարարը տույժ-տուգանքի տակ է ընկնում, մենք պարտավոր ենք նրա կենսագրությունը մաքուր պահել, քանի որ շինարարի պատճառով չէ, որ աշխատանքները դադարեցվում են: Աշխատանքները ժամանակավոր են դադարեցվում են և կմեկնարկեն գալիք տարի՝ իրանական կողմի հետ նույն ժամանակահատվածում», – ընդգծեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում