Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանին կօգնի հաղթահարել շրջափակման խնդիրները. իրանագետ

Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանին կօգնի հաղթահարել շրջափակման խնդիրները. իրանագետ

Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը չափազանց կարեւոր քայլ է Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ եւ որակյալ գործարկումը կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրաշրջանառության ծավալի ընդլայնմանը: «Այն կարող է դառնալ լուրջ հարթակ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում, եւ հաշվի առնելով այն, որ Հայաստանը վերջերս Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նաեւ Իրան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Հետեւաբար, մեզ համար ծրագիրն իսկապես մեծ կարեւորություն ունի հատկապես տնտեսական իմաստով: Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ ծրագիրը չունի քաղաքական բաղադրիչ, որովհետեւ նմանատիպ միջոցառումներով Հայաստանը փորձում է նաեւ ինչ-որ առումով հաղթահարել այն շրջափակումը, որը մեզ պարտադրվել է մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ այդ խնդիրները հաշվի առնելով` չպետք է մոռանալ աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի համոզմամբ՝ ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Իրանի կողմից տարվող աշխատանքներից` ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու համար: «Ծրագիրը կարող է ունենալ լավ ապագա, բնականաբար եթե դրա շրջանակում շարունակվեն ինտենսիվ աշխատանքներ»,- եզրափակեց իրանագետը:

Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 15-ին:

 

http://armenpress.am/arm/news/916207/

Հետևեք մեզ նաև Telegram-ում