AM | RU
USD
EUR
RUB

Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում. Մասիս Մայիլյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին

 

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգային հարցերի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի, Արցախ-Եվրամիություն համագործակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

-Պրն Մայիլյան, որո՞նք են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգային հիմնական հարցերը եւ Ձեր՝ որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նոր նախարարի առաջնահերթությունները՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հետ:

-2017 թվականին հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից ներկայացվել է Արցախի Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որում շարադրված են նաև Արցախի արտաքին քաղաքական գործունեության գերակա ուղղությունները։

ԱԳՆ ջանքերը դարձյալ հիմնականում ուղղված կլինեն Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների զարգացմանն ու ամրագրմանը և դրա անշրջելիության ապահովմանը։ Մասնավորապես, քայլեր կձեռնարկվեն ինչպես Արցախի ճանաչման աշխարհագրության ընդլայնման, այնպես էլ մեզ ճանաչած սուբյեկտների հետ երկկողմ համագործակցության հաստատման ուղղություններով։ Ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով կապերի զարգացումը թույլ կտա տարբեր ծրագրեր իրականացնել մշակույթի, կրթության, սպորտի, տնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի հետևողական աշխատանքները Արցախի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք ճանաչելու ուղղությամբ։

Հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման ֆոնի վրա հատուկ նշանակություն է ձեռք բերում Արցախը մեկուսացնելուն ուղղված Ադրբեջանի փորձերին դիմագրավումը։ Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների ներգրավման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Այդ խնդրի իրագործման համար Արցախի արտաքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է հանրապետության՝ տնտեսական բլոկի համար պատասխանատու նախարարությունների ու կառույցների հետ։

Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է նաև Հայաստան-Արցախ-սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Մենք բարձր ենք գնահատում սփյուռքի ներդրումը Արցախի զարգացման ու ամրապնդման և արտերկրում նրա շահերի պաշտպանության գործում, և, միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում Արցախի մասնակցությունը սփյուռքում հայապահպանության գործին։

Արցախի արտաքին քաղաքական գործունեության բաղադրիչներից մեկն է միջազգային հանրությանն արցախյան իրողությունների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելն ու երկրի դրական իմիջի պահպանումը։ Այս հարցում առանցքային դեր ունի արտաքին գործերի նախարարությունը, և մենք այսուհետ ևս կշարունակենք ակտիվ գործունեությունն այս ուղղությամբ։

-Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում, սակայն, կրկին սահմանային լարվածությունը աճեց, եղան կրակոցներ եւ զոհեր: Հաջորդիվ, տեղի ունեցավ համանախագահների հանդիպումը երկու երկրների արտգործնախարարների հետ: Առաջիկայում եւս ակնկալվում են հանդիպումներ: Սահմանային այս միջադեպերի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք նման հանդիպումների արդյունավետությունը:

-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ ղեկավարների հանդիպումները կարևոր են հակամարտության գոտում լարվածության թուլացման տեսանկյունից։ Լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնումը հնարավոր է միայն կայունության պայմաններում։ Հետևաբար, ներկա փուլում առաջին պլան է մղվում խաղաղ գործընթացի անշրջելիության հարցը, ինչի համար անհրաժեշտ են 1994 և 1995 թվականների համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը և նրա մոնիթորինգային կարողությունների ավելացմանը։

Նշված միջոցների իրականացումը կառուցողական մթնոլորտ կստեղծի բանակցությունները շարունակելու համար։

-Բազմիցս բարձրացվել է Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելու անհրաժեշտության հարցը: Արդյո՞ք Արցախի ներգրավվածությունը ինչ-որ հարց կլուծեր այն պարագայում, երբ բանակցությունների առաջընթացը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը, շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը:

-Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ բխում է հակամարտության կարգավորման տրամաբանությունից։ Լինելով հակամարտության հիմնական և ԵԱՀԿ փաստաթղթերով ճանաչված կողմերից մեկը՝ Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում։ Հիշեցնեմ, որ կարգավորման գործընթացում հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակահատվածում, երբ Արցախը անմիջականորեն ներգրավված էր բանակցություններին։ Մասնավորապես, 1994 թվականին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը մնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միակ շոշափելի ձեռքբերումը։ Նշված փաստաթղթին նախորդել են ԼՂՀ և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված շուրջ 10 երկկողմ համաձայնագրեր՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման վերաբերյալ։

Արցախի մասնակցությամբ բանակցություններից Ադրբեջանի հրաժարումը կարգավորման գործընթացի տապալմանն ուղղված Բաքվի քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Եռակողմ բանակցությունների վերականգնումը կցուցադրի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հարցում ադրբեջանական ղեկավարության քաղաքական կամքը և անկեղծ շահագրգռվածությունը։

Արցախյան պատվիրակության վերադարձը բանակցային սեղանի շուրջ ոչ միայն կվերականգնի երկխոսության խաթարված ձևաչափը, այլև կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Բանակցությունների բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությունը կարևոր է հակամարտող կողմերի՝ խաղաղ գործընթացի արդյունքների համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիարժեք մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե իրենց վրա վերցնել տարածաշրջանային խաղաղության և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատվության իրենց բաժինը։

-Կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին՝ Անկարայում։ Թուրքիայի արտգործնախարարն «Թվիթերի» իր էջում գրառում էր կատարել Մինսկի գործընթացին աջակցելու վերաբերյալ։ Թուրքիան կանոնավոր կերպով փորձեր է ձեռնարկում միջամտելու բանակցային գործընթացին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ Որքանո՞վ է դա իրատեսական։

-Բանակցություններում միջնորդությունը հնարավոր է, եթե պոտենցիալ միջնորդը անկողմնակալ և չեզոք վերաբերմունք ունի հակամարտության բոլոր կողմերի հանդեպ, և կողմերը համաձայն են ընդունել նրա միջնորդական ծառայությունները։ Այդ իսկ պատճառով միջնորդի դեր ստանձնելու Անկարայի փորձերը բացարձակապես անհեռանկարային են: Հայտնի է, որ Թուրքիան կողմնակալ դիրքորոշում է որդեգրել և լիովին աջակցում է հակամարտության կողմերից մեկին՝ Ադրբեջանին։ Թուրքիան գրեթե միակ երկիրն է, որը 2016 թվականին հրապարակայնորեն պաշտպանել է Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, այն դեպքում, երբ, կարելի է ասել, ողջ աշխարհը և հեղինակավոր միջազգային կառույցները հանդես են եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական գործունեության իրականացման համար միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հանձինս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի։

-Արցախում անկախության տարիներին մեծացել ու կայացել է մի սերունդ, որն իրացրել է ինքնորոշման իր իրավունքն ու ձգտում է ապրել անկախ երկրում: Այս պարագայում ինչպե՞ս եք տեսնում հակամարտության կարգավորումը, ո՞ր սկզբունքները պետք է լինեն գերակայող եւ ո՞ր հիմնարար իրավունքները պետք է դրված լինեն հակամարտության կարգավորման հիմքում:

-Կարծում ենք, որ հակամարտության տևական կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը և միջազգային միջնորդները որպես կարգավորման հիմք ընդունեն Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքները։

26 տարի առաջ՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Արցախի անկախության հանրաքվեն, որի ընթացքում Արցախի ժողովուրդը որոշել է իր զարգացման ուղին։ Անկախ պետությունում ապրելու ընտրությունը կրկնակի անգամ հաստատվել է 2006 և 2016 թվականների հանրաքվեների ժամանակ։ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է և բացառիկ արժեք, որը սակարկման ենթակա չէ։

-Բրյուսելում Եվրամիություն-Արցախ համագործակցության թեմայով կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել էիք, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա եւ կդառնա կարեւոր ներդրում՝ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման գործում: Ի՞նչ է արվում այդ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

-Համագործակցությունը ենթադրում է միմյանց ընդառաջ քայլեր։ Մենք բազմիցս հայտնել ենք մեր պատրաստակամությունը ԵՄ հետ փոխգործակցության հարցում։ Նախագահական պատվիրակության՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում նախանշվել են մի շարք ոլորտներ, որոնցում Արցախի և ԵՄ միջև համագործակցությունը կարող է առավելագույնս ապաքաղաքականացված լինել։ Այդպիսի ոլորտների թվում են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և անկախ լրագրության զարգացումը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը, օժանդակությունը դատական համակարգի, առողջապահության և կրթության ոլորտների կատարելագործմանը։ Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է լինել աջակցությունը տեղական ինքնակառավարման բնագավառում բարեփոխումների անցկացմանը։ Իրականում, Արցախի հետ ԵՄ համագործակցությունը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այն կդառնա առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտությունների կարգավորման հիմք օգտագործելու անթույլատրելիության ազդանշան, քանի որ դրանք պարունակում են ողջ տարածաշրջանի ապակայունացման վտանգ։ Բացի այդ, նման համագործակցությունը կօգնի հաղթահարել այն զգացումը, որ քաղաքական հաշվարկներն ու նկատառումները սկսել են գերիշխել ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքներ խթանման գաղափարի նկատմամբ։

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Լրահոս
Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար Դինքի սպանության գործով ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա Ամերիկյան հեռուստաարտադրող ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող հոլովակներ նկարահանել Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ ՀՀ ՍԴ դատավորի թափուր պաշտոնին ՀՀ նախագահի կողմից թեկնածու առաջադրելու ընթացակարգի վերաբերյալ Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են Արցախի ՊԲ. Հակառակորդը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 9 արկ Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ Նոր Զելանդիայի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան ԲՀԿ-ն օրինագիծ է ներկայացրել առաջնագծում պայմանագրայինների հերթապահության մասին Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի բնակիչ. Արծրուն Հովահաննիսյան Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակում գործած անձը մինչև ապրիլի 5-ը թողել է կալանքի տակ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan