Աֆղանստանում հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ԱԳՆ-ն հեռուստակամուրջ է կազմակերպել

Աֆղանստանում հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ԱԳՆ-ն հեռուստակամուրջ է կազմակերպել

ՀՀ ԱԳՆ-ում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը, որն անցկացվեց դեկտեմբերի 13-ից Հայաստանում մեկնարկած 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարևորեց հայ խաղաղապահների մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում և շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին ու նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար:

Փոխնախարար Հովակիմյանը նշեց, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև` Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին Հայաստանում Գերմանիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանները:

Աֆղանստանից ողջույնի և շնորհակալական խոսքեր հղեցին նաև հայ խաղաղապահները: Հեռուստակամուրջի ընթացքում խաղաղապահների ընտանիքների անդամներին հնարավորություն ընձեռվեց անկաշկանդ մթնոլորտում շփվելու ծառայություն իրականացնող իրենց հարազատների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում