Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունը:

«Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որևիցե փոփոխություն չի կրել»,- ասաց Բալայանը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին, հիշեցրել էր, որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել էր, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: «Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»,- հայտարարել էր Նալբանդյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությանը: Թուրքիայի ԱԳՆ-ից նշել էին, թե արձանագրությունների չվավերացման մեղավորը ոչ թե իրենք են, այլ հայկական կողմը:

«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, դրանց վավերացման համար կարևոր է Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտի և խաղաղության առկայությունը»,- նշել էին Թուրքիայի ԱԳՆ-ից՝ հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհիմն կերպով պայմանավորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում