ՄԻԵԴ-ը Մամեդովի գործով վերջին շանսը կտա Ադրբեջանին

ՄԻԵԴ-ը Մամեդովի գործով վերջին շանսը կտա Ադրբեջանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ գործընթաց է սկսել ընդդեմ Ադրբեջանի՝ կապված այդ երկրի կողմից ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով եվրոպական դատարանի կայացրած վճիռը կյանքի չկոչելու փաստի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործընթացի նպատակն է ևս մեկ անգամ հստակեցնել՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվել է կատարել Մամեդովի գործով ՄԻԵԴ որոշումը:

Այդ գործընթացը, որը 2010 թվականին ներառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեջ, լիազորություն է տալիս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին դիմելու ՄԻԵԴ՝ անդամ-պետության կողմից ստրասբուրգյան դատարանի որոշումը չկատարելու հարցով:

ԵԽ նախարարների կոմիտեն դեկտեմբերի 5-ին հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռը չկատարելու վերաբերյալ: ՄԻԵԴ-ը կոմիտեից պաշտոնական դիմումը ստացել էր դեկտեմբերի 11-ին:

ԵԽ Նախարարների կոմիտեն ավելի վաղ հիշեցրել էր, որ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի երկրորդ կետի կոմիտեն հսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռների կատարումը: Եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել այն մասին, որ Մամեդովի կալանավորմամբ Ադրբեջանը խախտել է վերոնշյալ կոնվենցիայի մի շարք դրույթներ՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալման, մինչդատական կալանքի հետ: Դատարանը վճռել էր, որ Մամեդովի դեմ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցները նպատակ են ունեցել լռեցնել նրան, պատժել կառավարության գործունեության քննադատության համար:

Կոմիտեն հիշեցրել էր, որ համաձայն կոնվենցիայի 46-րդ հոդվածի՝ պատասխանող կողմ հանդիսացող պետությունը պետք է ենթարկվի այն դատական գործերի բոլոր որոշումներին, որոնց տվյալ երկիրը ներգրավված է որպես կողմ: Համաձայն այդ պարտավորության՝ տվյալ երկիրը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը արձանագրված խախտումները վերացնելու նպատակով: Որպես անհրաժեշտ քայլ Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել Մամեդովին, ով, սակայն, շարունակում է մնալ անազատության մեջ: Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ Մամեդովին անհապաղ ազատ չարձակելով Ադրբեջանը հրաժարվել է ենթարկվել ՄԻԵԴ վերջնական որոշմանը:

ՄԻԵԴ-ը 2014 թվականի մայիսի 22-ին որոշում էր կայացրել այն մասին, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունն ու կալանավորումը արդարացված չէ: Դատարանը պահանջել էր Ադրբեջանից ոչ միայն ազատ արձակել գործիչն, այլև վճարել նրան փոխհատուցում 22 հազար եվրոյի չափով: Մամեդովը մինչ օրս գտնվում է բանտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում