Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները բարենպաստ պայմաններ են ստեղծելու աշխատողների առողջության և անվտանգության ոլորտում

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները բարենպաստ պայմաններ են ստեղծելու աշխատողների առողջության և անվտանգության ոլորտում

Աշխատանքային օրենսգրքում կատարվող առաջնային փոփոխությունն աշխատողների առողջության և անվտանգության ոլորտում նոր կարգավորումների ներդրումն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը։

«Նախագծի փոփոխություններով մենք մարդկանց առաջարկում ենք՝ աշխատողների առողջության և անվտանգության ոլորտում նոր մոտեցումների, կարգավորումների ներդրում։ Գործող կարգավորմամբ մենք ունենք օրենսդրությամբ սահմանված երկու հիմնական ցանկ՝ ծանր վնասակար և առանձնապես ծանր վնասակար։ Այստեղ նշված են որոշակի աշխատանքներ, մասնագիտություններ, պաշտոններ, որոնց համար սահմանվում է ընդամենը հավելում՝ առաջին դեպքում նվազագույնը 30, երկրորդ դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Այսպիսի կարգավորումն ուղիղ հակասում է միջազգային լավագույն փորձին, ստանդարտներին, ինչպես նաև մեր ստանձնած պարտավորություններին։ Բացառիկ դեպքերի ժամանակ, երբ օբյեկտիվորեն անհնար է այդպիսի պայմաններում կազմակերպել որոշ աշխատողների աշխատանքը, ապա այդ պարագայում գործատուն պարտավոր է ապահովել օրվա մեջ լրացուցիչ ընդմիջում, երկրորդ՝ լրացուցիչ արձակուրդ և վերջում, եթե մնում են մնացորդային ռիսկեր, պետք է նաև լրացուցիչ վարձատրել»,– շեշտեց Ավետիսյանը։

Նա ընդգծեց, որ նախագծով իրենք առաջարկում են նաև, որ գործատուները պարտավոր են իրենց աշխատողների աշխատանքը կազմակերպել նվազագույն պայմաններին համապատասխան։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ասաց, որ այսօր գոյություն ունեն դաշտը փակող կարգավորումներ։

«Մենք այս նախագիծը շատ ենք կարևորում կարգավորման նոր մոտեցումների տեսանկյունից, և, կարծում, որ լայն քննարկման ու իրազեկման անհրաժեշտություն կա։ Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից, և նախագիծը մշակման, ինչպես նաև շրջանառության փուլում բազմաթիվ անգամ ներկայացվել է հանրային քննարկումների։ Այս պահին մենք ամփոփում ենք քննարկումների այս փուլը, որից հետո նախագիծը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն փորձագիտական եզրակացության համար։ Շատ ենք կարևորում նաև այն հանգամանքը, որ նախագիծը ներկայացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագիտական եզրակացության։ Նախագծի վերաբերյալ մենք ստացել ենք Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի մասնագիտական-փորձագիտական եզրակացությունը՝ 14 հիմնական առաջարկով»,– նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այդ կետերը ներառված են նախագծում, ինչից այն ավելի է բարելավվել։ Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ նախագիծը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, ինչպես պետական մարմինների կողմից ստացված առաջարկությունների քննարկումների արդյունքում, այնպես էլ՝ շահագրգիռ կազմակերպությունների, անհատ անձանց ներկայացրած առաջարկություններով։

«Նախագիծը փոփոխելիս նպատակ է դրված եղել՝ երկու հիմնական ուղղություններով բերել նոր կարգավորումներ և մոտեցումներ։ Դրանցից առաջինը վերաբերում է Հայաստանի աշխատանքի ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը՝ այն կոնկրետ խնդիրների լուծմանը, որոնք մենք արձանագրում ենք Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների վավերացման և այդ ուղղությամբ մեր զեկույցներում։ Երկրորդ հիմնական ուղղությունն այն է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական գործընկերության շրջանակում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ վեր հանելու աշխատանքային օրենսգրքի կիրառական պրակտիկայից խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրները շահագրգիռ քննարկումների միջոցով դրանց լուծումներ բերել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում