Համոզված եմ` ՀՀԿ գերակշիռ մեծամասնությունը խնդրելու է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը. Միհրան Հակոբյան

Համոզված եմ` ՀՀԿ գերակշիռ մեծամասնությունը խնդրելու է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը. Միհրան Հակոբյան

Հանրապետության նախագահը կլինի այն պաշտոնում, որում ինքն իրեն տեսնում է, «Հանրապետական» կուսակցությունն այդ որոշմանն աջակցելու է մինչև վերջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսանի հայտարարությանը, ըստ որի` ժամանակը դեռ չի եկել, երբ կգա` կհայտարարի, թե 2018 թվականին ինչով է զբաղվելու:

Ինչ վերաբերում է կուսակցությունում երկու տարբեր դիրքորոշումների առկայությանը կամ թիմերի բաժանվելուն` Միհրան Հակոբյանն ասաց, որ նման բան ՀՀԿ-ում հնարավոր չէ: «Հանրապետական կուսակցության միանձնյա ղեկավարը և առաջնորդը Սերժ Սարգսյանն է, և դա ՀՀԿ-ի համագումարի որոշումներ է: Փորձել գտնել թիմեր, ճամբարներ, կարծում եմ, անշնորհակալ և անիմաստ գործ է: Հանրապետական կուսակցությունը մեկ թիմ է, մեկ ճամբար է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, և ձեզ ասում է մարդ, որ «Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ է, 11 տարի է` ՀՀԿ անդամ է»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ երբ կլինի քննարկում, ՀՀԿ-ն իր կարծիքը կկազմի, բայց եթե նման քննարկում լինի, այդտեղ երկրորդ կարծիք, թերևս, չի էլ լինելու:

Դիտարկմանը, թե ժողովրդավարության բացակայության մասին չի՞ փաստում այն, որ երկրորդ կարծիք չի կարող լինել, Միհրան Հակոբյանն արձագանքեց.

«Դա ժողովրդավարության գործընթացի մասին է հենց խոսում։ Հանրապետական կուսակցությունն իր ղեկավարին ընտրել է համագումարի ժամանակ և ընտրել է քվեարկության ճանապարհով, իսկ դրանից ավելի ժողովրդավար պրոցես պատկերացնել հնարավոր չէ»:

Ինչ վերաբերում է սպասվող իրադարձություններին, Հակոբյանը նշեց.

«Հանրապետականում եթե լինի քննարկում, լինելու է ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, մեծամասնության կարծիքը որոշիչ է և որոշիչ է նաև նախագահ Սերժ Սարգսյանի համար: Բազմաթիվ անգամներ ՀՀԿ–ի բազմաթիվ ներկայացուցիչներ արտահայտվել են, որ ՀՀԿ ղեկավարը և առաջնորդը Սերժ Սարգսյանն է, և եթե քննարկում լինի, թե ում ենք տեսնելու 2018 թվականից հետո վարչապետ, ապա համոզված եմ, որ «Հանրապետական» կուսակցության գերակշիռ մեծամասնությունը խնդրելու է, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ցանկությանը, ապա նա ասաց, որ ցանկությունը ողջունելի է, սակայն նշեց, որ քննարկումից հետո պարզ կլինի, թե պաշտոնում որ ներկայացուցիչն է լինելու: «Այստեղ ծանրակշիռ ամենամեծ խոսքի իրավունքն ունի Սերժ Սարգսյանը։ Երբ նա հայտարարի իր տրամադրվածությունը, այդ ժամանակ պարզ կլինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2018թ-ին աշխատավարձերի դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու, Միհրան Հակոբյանն ասաց, որ 2018 թվականի համար տնտեսական աճի լավ կանխատեսումներ ունենք, ինչը բերելու է նրան, որ սոցիալական տրամադրվածությունը մեղմվելու է և մարդիկ ավելի շատ ծառայություններից են կարողանալու օգտվել: Նա օրինակ բերեց, որ եթե աշխատավարձերը մնան նույնը, բայց գնանկում լինի, դա կնշանակի, որ կյանքը լավացավ: Դիտարկմանը, թե հարցն այն է, որ մեզ մոտ ներկայումս աշխատավարձերը նույնն են, սակայն գները բարձրացել են, նա պատասխանեց. «ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը ռեկորդակիր է գնաճի զսպման տեսանկյունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում